Փարիզում չորեքշաբթի հանդիպել են Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Լեհաստանի պաշտպանության նախարարները՝ խոստանալով կոնկրետ քայլեր ձեռնարկել եվրոպական պաշտպանությունն ամրապնդելու և Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու նպատակով, հայտնում է Reuters-ը։
Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը հրավիրվել է առաջին հանդիպմանը՝ քննարկելու համար իր երկրին տրամադրվող օգնությունը, որից հետո երկրորդ հանդիպումը կքննարկվի եվրոպական պաշտպանական կարողությունների զարգացման վրա:
«Եվրոպական երկրները մեծացնում են իրենց ջանքերը»,-հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին։
«Խորացնելով մեր պաշտպանական համագործակցությունը, ավելացնելով ծախսերը և ամրապնդելով մեր հավաքական ուժը՝ հստակ ուղերձ ենք հղում՝ մենք չենք տատանվելու Ուկրաինայի կողքին կանգնելու և մեր ընդհանուր արժեքները պաշտպանելու հարցում»,- հավելել է նա։
Հանդիպումները տեղի են ունեցել մեկ օր անց այն բանից հետո, երբ ՆԱՏՕ-ի երկրների ցամաքային զորքերի 34 հրամանատարներ, դրանց թվում Ճապոնիայից և Ավստրալիայից, հանդիպել են Փարիզում՝ բացառիկ բանակցությունների համար, որոնց չեն մասնակցել իրենց ամերիկացի գործընկերները:
Նրանք կենտրոնացել են Ուկրաինային աջակցելու և ապագա խաղաղության համաձայնագրի անվտանգության երաշխիքների տրամադրման վրա, ներառյալ եվրոպացի պոտենցիալ խաղաղապահների տրամադրումը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայում պատերազմն արագ դադարեցնելու քայլերը խարխլել են տասնամյակների արևմտյան պաշտպանական մտածողությունը՝ դրդելով եվրոպական երկրներին աջակցել Ուկրաինային և հայտարարել արագ վերազինման մասին, հայտնում է Reuters-ը։
Ըստ գործակալության աղբյուրի՝ Ելիսեյան պալատում երեքշաբթի հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հայտարերել է, որ ժամանակն է «հայեցակարգից անցնել ծրագրի»՝ սահմանելու անվտանգության հուսալի երաշխիքներ՝ Ուկրաինայում ամուր և կայուն խաղաղություն ապահովելու համար։





























