Մեքսիկայի իշխանություններն անհապաղ չեն պատասխանի ԱՄՆ-ին մաքսատուրքերով այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պողպատի եւ ալյումինի մատակարարման մաքսատուրքեր մտցրեց։ Այս մասին հայտնել է Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը։
«Բացի մեր երկրում պողպատ եւ ալյումին արտադրողների հետ հանդիպումից, մենք պատրաստվում ենք սպասել մինչեւ ապրիլի 2-ը։ Հիշեք, որ ապրիլի 2-ն այն օրն է, երբ Միացյալ Նահանգների կառավարությունը կհայտարարի փոխադարձ մաքսատուրքեր մտցնելու մասին աշխարհի բոլոր երկրների համար։ Մենք հուսով ենք, որ հաշվի առնելով այն, որ մենք ունենք առեւտրային համաձայնագիր, եւ Մեքսիկայից ԱՄՆ-ի նկատմամբ մաքսատուրքեր չկան, չեն լինի նաեւ փոխադարձ մաքսատուրքեր նրանց կողմից»,- ասել է Շեյնբաումը ամենօրյա մամուլի ասուլիսում։
Միեւնույն ժամանակ նախագահը նշել է, որ ապրիլի 2-ին վերջնականապես պարզ կդառնա, թե արդյոք Մեքսիկան պետք է «որոշ քայլեր ձեռնարկի փոխադարձության նույն սկզբունքի շրջանակում, ինչ անում է Միացյալ Նահանգների կառավարությունը»։
Փետրվարի 10-ին Թրամփը կարգադրել է 25 տոկոսի չափով մաքսատուրք սահմանել արտասահմանից Միացյալ Նահանգներ պողպատի եւ ալյումինի բոլոր մատակարարումների համար։ Որոշումը, որն ուժի մեջ է մտել մարտի 12-ից, վերաբերում է Արգենտինայից, Ավստրալիայից, Բրազիլիայից, Մեծ Բրիտանիայից, ԵՄ երկրներից, Կանադայից, Մեքսիկայից, Հարավային Կորեայից եւ Ճապոնիայից կատարվող մատակարարումների վրա։





























