Երևանում մարտի 13-ին օդի որակի թեմայով քննարկում է անցկացվել։
Միջոցառումը կազմակերպել էր «Yerevan Air Public Talk» նախաձեռնող խումբը և միավորել էր պետական կառույցների ներկայացուցիչների, բնապահպանների, ակտիվիստների և երևանցիների։
Մասնակիցները քննարկել են օդի աղտոտվածության պատճառները, այդ գործոնի ազդեցությունն առողջության վրա և խնդրի լուծման հնարավոր ուղիները։
Հանդիպմանը քննարկվել են, մասնավորապես, հասարակական տրանսպորտի զարգացմանը, ջեռուցման եղանակների փոփոխությանը, կանաչ տարածքների ավելացմանը, շինարարական նորմատիվների խստացմանն ու արտանետումների վերահսկմանն առնչվող հարցեր։
Մասնագետները հիշեցրել են, որ օդում առկա վնասակար նյութերը կարող են ուղղակի վնասակար ազդեցություն ունենալ մարդու ԴՆԹ-ի վրա, ինչպես նաև հանգեցնել քաղցկեղի։ 2022 թվականի տվյալներով՝ թոքերի քաղցկեղի դեպքերի մոտավորապես 10%-ը օդի աղտոտվածության պատճառով է առաջանում։
Աղտոտված օդի ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար առաջարկվում է շենքերում օգտագործել մաքրող զտիչներ, էկոլոգիապես մաքուր ջեռուցման համակարգեր և ավելի բարձր պահանջներ մտցնել վնասակար գազեր արտանետող մեքենաների տեխնիկական զննման համար:
Որպես Երևանի օդի աղտոտման հիմնական աղբյուրներ փորձագետները սովորաբար նշում են շինարարությունը, տրանսպորտը, հանքարդյունաբերությունը, Նուբարաշենի աղբավայրը, արտադրությունը և էներգետիկան:
Որոշ տվյալներով՝ մոտ 400 կազմակերպություններ բացասաբար են անդրադառնում Երևանի մթնոլորտի վրա։
Բնապահպանների դիտարկումները վկայում են, որ կառուցապատողները ոչ միշտ են պատշաճ կերպով կատարում իշխանությունների պահանջները:
Մասնավորապես, կառուցապատողը պետք է կազմակերպի, որ շենքերը ծածկվեն խիտ ցանցով, ինչպես նաև օդի որակի մոնիտորինգի սարքավորումներ տեղադրի:
Ինչ վերաբերում է փոխադրամիջոցներին, 2023 թվականի տվյալներով դրանց քանակը քաղաքում կազմում է մոտ 600 հազար միավոր: Իշխանությունները հայտարարել են դիզելային շարժիչով մեքենաները հեղուկ բնական գազով աշխատող մեքենաներով փոխարինելու մտադրության մասին։ Բացի դրանից, Երևանի քաղաքապետարանը բարձրացրել է ավտոկայանատեղիների գները՝ քաղաքի կենտրոնում ծանրաբեռնվածությունը թեթևացնելու նպատակով։
Օդի աղտոտման աղբյուր են նաև հանքավայրերը։
Պաշտոնական տվյալներով՝ 2024 թվականին Երևանում 14 ընկերություններ իրավունք են ստացել շահագործել հանքավայրեր, որտեղ արդյունահանվում է քար, բազալտ, կավ, գիպս։ Ընդ որում փակ եղանակով աշխատում է միայն Ավանի հանքավայրը։
Փորձագետները հայտնում են, որ հանքարդյունաբերական աշխատանքներ են իրականացնելիս աշխատանքի վնասակար հետևանքներից պաշտպանվելու պարտավորությունները հաճախ պատշաճ կերպով չեն իրականացվում, ինչը հանգեցնում է օդի աղտոտման։
Պաշտոնական տվյալներով՝ Երևանում մեկ շնչին բաժին է ընկնում 8,3 քմ կանաչ տարածք։
Երևանի կենտրոնում հին ծառերը հատվել և փոխարինվել են նորերով, բայց դրանք, լինելով փոքր և չունենալով խիտ սաղարթ, չեն կարող, ըստ մասնագետների, ամբողջությամբ կատարել փոշին կլանելու գործառույթը, որի առավելագույն թույլատրելի կոնցենտրացիան գերազանցված է Կենտրոն, Նոր Նորք, Աջափնյակ, Արաբկիր և Շենգավիթ վարչական շրջաններում։
Օդի աղտոտման աղբյուրը բնապահպանական չափանիշներին չհամապատասխանող Նուբարաշենի կենցաղային կոշտ թափոնների աղբավայրն է, որտեղ տարեկան հեռացվում է մոտավորապես 300 հազար տոննա կենցաղային աղբ։ Փորձագետները զգուշացնում են, որ վերջին տարիներին հաճախակիացած հրդեհներն օդն աղտոտում են թունավոր նյութերով։





























