Իտալիան ավտոմոբիլային, պաշտպանության և օդատիեզերական ոլորտների միջև կապերի ամրապնդմանն ուղղված արդյունաբերական ծրագիր է պատրաստում, որը կներկայացվի հունիսին, կիրակի հայտնել է արդյունաբերության նախարար Ադոլֆո Ուրսոն։

Ծրագիրը մշակվել է պաշտպանական ծախսերի ավելացման և հնարավոր համատեղ ռազմական ֆինանսավորման վերաբերյալ եվրոպական քննարկումների ֆոնին:

«Հունիսին, երբ պարզ դառնա Եվրոպայում մեր նախանշած բարեփոխումների ուղին, մենք կներկայացնենք 30 տարվա մեջ առաջին արդյունաբերական ռազմավարության փաստաթուղթը, որը երկիրը կուղղորդի դեպի զարգացման նոր հնարավորություններ»,- ասել է Ուրսոն իտալական Il Messaggero թերթին։

Նա նշել է, որ արդյունաբերության ոլորտների միջև համագործակցությունը հնարավորություններ կբացի բաղադրիչների արտադրության և մեխանիկական վերամշակման համար, քանի որ երկրում ավտոմեքենաների արտադրությունը կրճատվելու է:

Տարածաշրջանի պաշտպանական ձեռնարկությունները համոզված են, որ կկարողանան մեծացնել արտադրությունը, սակայն նախազգուշացրել են, որ մատակարարումների ժամկետները կարող են տարիներ տևել և կախված կլինեն կառավարության աջակցությունից՝ ծախսերի և նոր պայմանագրերի տեսքով:

Rheinmetall-ը՝ Եվրոպայի խոշորագույն զինամթերք արտադրող ընկերությունը, անցյալ ամիս հայտարարեց, որ մտադիր է Գերմանիայի երկու ավտոգործարանները վերափոխել հիմնականում ռազմական մեքենաներ պատրաստելու համար: Ընկերությունը համատեղ ձեռնարկություն է ստեղծել իտալական Leonardo-ի հետ՝ ռազմական ​​մեքենաներ արտադրելու համար, ինչը, ըստ Ուրսոյի, համապատասխանում է «Իտալիայում արտադրական բազայով եվրոպական չեմպիոններ ստեղծելու» Իտալիայի քաղաքականությանը:

Իտալիայի կառավարությունը ձգտում է վտանգավոր գոտիներում ծածկագրված հաղորդակցություն երաշխավորել կառավարության, դիվանագետների և պաշտպանության պաշտոնյաների միջև, և ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի Starlink-ը նման համակարգ տրամադրելու հավակնորդներից մեկն է:

Հռոմը նաև բանակցություններ է վարում Eutelsat-ին պատկանող ֆրանսբրիտանական OneWeb արբանյակային ընկերության հետ։ Ուրսոն նշել է, որ ջանքեր են գործադրվում հայրենական արբանյակային ծառայություն զարգացնելու համար:

Նախարարն ասել է, որ ազգային տիեզերական գործակալությունը մոտ է «ցածր ուղեծրով արբանյակների» ստեղծման տեխնիկատնտեսական նախապատրաստության ավարտին, որոնք նույնպես «կապահովեն ազգային անվտանգությունը»։