Հազարավոր հունգարացիներ շաբաթ օրը՝ մարտի 15-ին, դուրս են եկել Բուդապեշտի փողոցներ՝ բողոքելով վարչապետ Վիկտոր Օրբանի քաղաքականության դեմ և պաշտպանելով ընդդիմադիր Tisza կուսակցությունը, հայտնում է  «Европейская правда»-ն՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին։

Մարտի 15-ի հանրահավաքում ելույթ է ունեցել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի նախկին գործընկեր, իսկ այժմ ընդդիմության առաջնորդ Պետեր Մադյարը՝ կոչ անելով կառավարության ներկայիս ղեկավարին ազգային շահերը դավաճանելու համար ուղարկել պատմության աղբանոցը։

Իր ելույթում քաղաքական գործիչը հայտարարել է, որ «հունգարացիների գարունն» արդեն եկել է և խոստացել է վերջ դնել «Օրբանի ձմռանը»։

«Ես միշտ կարծել եմ, որ վարչապետը հասել է իր ամենացածր կետին, և հավատում եմ, որ նրան հաջողվեց հասնել դրան այսօր»,- հայտարարել է նա։

Հանրահավաքում նա խոստացել է տնտեսական և քաղաքական 12 առանցքային հարցերի վերաբերյալ հարցում հրապարակել՝ «ազգի ձայնը» լսելու համար։

Օրբանին քննադատելիս Մադյարը հայտարարել է, որ «ամեն ինչ ավարտված է»:

«Կամ եթե ավելի լավ կհասկանաք՝ ընկերներ, վերջն է»,- հայտարարել է նա՝ վերջին արտահայտությունը ռուսերեն ասելով։

«Ընկերներ, վերջն է» արտահայտությունը հղում է 1990 թվականին Հունգարիայում առաջին ազատ ընտրությունների հայտնի պաստառին։

Ավելի վաղ Օրբանն իր մի քանի հազար կողմնակիցների խմբին ասել էր, որ Հունգարիան առաջիկա շաբաթներին կփակի արտասահմանից ֆինանսավորվող լրատվամիջոցները և կազմակերպությունները՝ համեմատելով դրանք միջատների հետ: