Կալիֆորնիացի առաքիչ վարորդը կարող է 50 միլիոն դոլարի փոխհատուցում ստանալ այն բանից հետո, երբ ատենակալները եզրակացրել են, որ Starbucks սրճարանում անփույթ են վարվել եռացող տաք թեյի հետ․ Մայքլ Գարսիան դատի է տվել սրճարանային ցանցին այն բանից հետո, երբ նրա ծնկներին թափված թեյն ընդմիշտ այլանդակել է նրա առնանդամը:

Նրա փաստաբան Նիք Ռոուլին ասել է, որ դժբախտ պատահարը «ընդմիշտ փոխել է Գարսիայի կյանքը»:

Starbucks ընկերությունը հայտարարել է, որ մտադիր է բողոքարկել՝ հավելելով, որ «իր խանութներում միշտ պահպանել է անվտանգության ամենաբարձր չափանիշները»:

Գարսիան Postmates-ի առաքման ծառայության վարորդ էր, երբ 2020 թվականի փետրվարի 8-ին մեքենայով մեկնեց Լոս Անջելեսի Starbucks՝ երեք բաժակ թեյ գնելու: Նրան հանձնեցին ըմպելիքով ստվարաթղթե տուփ, բայց այն ընկավ ուղիղ նրա ծնկներին, և թեյերից մեկի կափարիչը բացվեց:

Գարսիայի փաստաբանները դատարանում պնդել են, որ պատուհանի հետևում կանգնած աշխատակիցը չի կարողացել պատշաճ կերպով ըմպելիքն ամրացնել տարայում: Գարսիան երրորդ աստիճանի այրվածքներ է ստացել առնանդամի, աճուկի և ազդրերի ներքին մակերեսի հատվածներում:

Փաստաբանները հայտնել են, որ Գրոսմանի այրվածքային կենտրոնում Գարսիան մաշկի փոխպատվաստման երկու վիրահատություն է ունեցել իր առնանդամի վրա, և որ այդ հատվածում ցանկացած շփում Գարսիային ցավ է պատճառում: