Միացյալ Նահանգների իշխանությունները մտադիր են Մեքսիկայի հետ սահմանով ձգվող պատնեշի երկարությունն ավելացնել եւս 11 կիլոմետրով։ Այս մասին հայտնել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը։
«Ես Արիզոնայում եմ, եւ այստեղից կարող եք տեսնել, թե որտեղ է ավարտվում սահմանի պատը: Այսօրվանից մենք սկսում ենք եւս 7 մղոն (ավելի քան 11 կիլոմետր) պատ կառուցել: Մենք կշարունակենք դա անել Ամերիկան նորից անվտանգ դարձնելու համար»,- ասել է նա X-ում հրապարակած տեսանյութում:
Մարտի սկզբին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ակնկալում է ավարտել Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը մինչեւ պետության ղեկավարի պաշտոնում իր երկրորդ ժամկետի ավարտը՝ 2029թ.։
Իր երդմնակալությունից անմիջապես հետո Թրամփը հրամանագիր է ստորագրել Մեքսիկայի հետ ԱՄՆ սահմանին արտակարգ դրություն մտցնելու մասին։ Նա ասել է, որ դա թույլ կտա զորքեր ուղարկել հարավային սահման՝ երկիր անօրինական միգրանտների «աղետալի ներխուժումը հետ մղելու համար»: Ավելի վաղ Թրամփը քանիցս արտահայտվել է իմիգրացիոն քաղաքականության խստացման օգտին։ Նա հայտնել է, որ մտադիր է ապահովել ամերիկյան պատմության մեջ ամենամասշտաբային գործողությունը անլեգալ միգրանտների վտարման գծով։





























