ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեիին ուղղված նամակն այնքան էլ չի տարբերվում Սպիտակ տան ղեկավարի հանրային հռետորաբանությունից։ Այս մասին տեղեկացրել է իսլամական հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«Առայժմ մենք հիմքեր չունենք Թրամփի նամակը հրապարակելու համար։ Այն ամենը, ինչ հրապարակվել է լրատվամիջոցներում այս նամակի վերաբերյալ, ենթադրություն է եւ որեւէ հիմք չունի։ Ուշադրության առնելով Թրամփի հրապարակային հայտարարությունները՝ այս նամակի բովանդակությունը շատ չի տարբերվում դրանցից»,- ասել է դիվանագետը մամուլի ասուլիսում։ Ուղիղ հեռարձակումն իրականացրել է SNN հեռուստաալիքը։

Բաղայիի խոսքով՝ Թեհրանն այս նամակին կպատասխանի անհրաժեշտ բոլոր խորհրդակցություններն ու քննարկումներն ավարտելուց հետո։

Մարտի 7-ին Թրամփը Truth Social սոցցանցի իր էջում գրել էր, որ ուղերձ է հղել Խամենեիին՝ առաջարկելով բանակցություններ վարել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ։ Իրանի առաջնորդը, մեկնաբանելով ԱՄՆ նախագահի այդ հայտարարությունը, ընդգծել է, որ իր երկիրը երկխոսություն չի վարի ԱՄՆ-ի հետ, քանի որ Վաշինգտոնին անհանգստացնում են միայն սեփական շահերը։ Մարտի 12-ին Խամենեին Թրամփի խոսքերը բանակցություններին պատրաստակամության մասին անվանել է համաշխարհային հանրային կարծիքի խաբկանք։