Հարավային Կորեայի եւ ԱՄՆ զինվորականները զորավարժություններ են սկսել Հյուսիսային Կորեայի ստորգետնյա թունելների մեծ ցանցը արգելափակելու եւ գրոհելու համար, հայտնել է Korea JoongAng Daily-ն։  Պարբերականի տվյալներով՝ զորավարժություններին, որոնք կտեւեն չորս օր, երկու կողմերից մասնակցում է 370 զինվորական։ Նրանք կօգտագործեն նորագույն տեխնոլոգիաներ, այդ թվում՝ դրոններ, չորքոտանի եւ ականազերծող ռոբոտներ։

Հարավային Կորեայի բանակի ցամաքային գործողությունների հրամանատարության հետախուզական տվյալների համաձայն՝ Փհենյանի եւ Հյուսիսային Կորեայի այլ ռազմավարական վայրերի տակ փորվել են հազարավոր թունելներ՝ լայնածավալ պատերազմի դեպքում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի եւ երկրի այլ բարձրաստիճան ղեկավարների համար որպես տարհանման գաղտնի ուղիներ: Բացի թունելներից, Հյուսիսային Կորեայի ստորգետնյա կառույցները ներառում են զանգվածային ոչնչացման զենքերի պահեստարաններ եւ քաղաքային ենթակառուցվածքներ, ինչպիսին է մետրոն: Սեուլը եւ Վաշինգտոնը որոշել են հարձակում գործել այդ կառույցների վրա Գազայի հատվածում, որի տակ պաղեստինցի զինյալները ստորգետնյա թունելների լայն ցանց էին կառուցել, որտեղ իսրայելցի պատանդներ էին պահվում եւ խմբավորման առաջնորդները թաքնվում էին, ՀԱՄԱՍ-ի դեմ Իսրայելի պատերազմի ֆոնին: Միեւնույն ժամանակ, դեռ 2019թ. Հարավային Կորեան ձեւավորել է ստորգետնյա մասնագիտացված մարտական ​​ուժեր։

Ինչպես գրել է Korea JoongAng Dail-ն, ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժությունները սկսվել են հետախուզական անօդաչու թռչող սարքերի արձակմամբ։ Անօդաչու թռչող սարքերից ստացված տվյալների հիման վրա հարավկորեական մեքենայացված ստորաբաժանումները ձեռնարկել են ցամաքային հարձակում՝ չեզոքացնելով ենթադրյալ թշնամու ուժերը թունելից դուրս եւ արգելափակելով մուտքի եւ ելքի կետերը: Դրանից հետո զինվորականներն անջատել են ջրամատակարարման, օդափոխության եւ էլեկտրաէներգիայի համակարգերը՝ այդպիսով հակառակորդին ամբողջությամբ մեկուսացնելով ստորգետնյա կառույցների ներսում։ Այնուհետեւ գործարկվել են փոքրիկ անօդաչու թռչող սարքեր, որոնց օգնությամբ զինվորականները ֆիքսել են թշնամու դիրքերը թունելներում եւ հաստատել քիմիական վտանգի բացակայությունը։ Միայն դրանից հետո նրանք մտել են ստորգետնյա օբյեկտ, որտեղ ճնշել են դիմադրությունը եւ հաջողությամբ ավարտել առաքելությունը, նշել է պարբերականը։

«Սա անգնահատելի հնարավորություն էր հարավկորեական եւ ամերիկյան զորքերի համար՝ միավորվելու եւ մարտական ​​ռազմավարություններ փոխանակելու նպատակով: Մենք կարողացանք կուտակել օպերատիվ փորձ եւ բացահայտել ստորգետնյա պատերազմի բարելավման ոլորտները»,- ասել է Հատուկ մանեւրային աջակցության բրիգադի ինժեներական գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Հվան Հյոն Ջոն։