ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի սկզբին Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին հղած նամակում երկու ամիս ժամանակ է հատկացրել Իրանի միջուկային ծրագրի շուրջ նոր համաձայնագրի հասնելու համար, հայտնել է Axios-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Անհասկանալի է, թե որ պահից է սկսվում երկամսյա ժամկետը՝ նամակի առաքմա՞ն, թե՞ միջուկային գործարքի շուրջ բանակցությունների մեկնարկով։ Ալի Խամենեին նամակը ստացել է մարտի 12-ին։
Axios-ի աղբյուրները Թրամփի նամակը որակել են որպես «կոշտ»: Մի կողմից՝ ԱՄՆ նախագահն առաջարկել է բանակցել նոր միջուկային համաձայնագրի շուրջ, իսկ մյուս կողմից՝ զգուշացրել հետեւանքների մասին, եթե Իրանը չընդունի այս առաջարկը եւ շարունակի զարգացնել իր միջուկային ծրագիրը։ Նամակում Թրամփը նշել է, որ չի ցանկանում անվերջ բանակցություններ, ասել են երկու աղբյուրներ:
Axios-ի զրուցակիցները նշել են, որ Սպիտակ տունը ԱՄՆ որոշ դաշնակիցների ծանոթացրել է նամակի բովանդակությանը, այդ թվում՝ Իսրայելին, Սաուդյան Արաբիային եւ Արաբական Միացյալ Էմիրություններին։
Սպիտակ տունը հրաժարվել է մեկնաբանել։ Իրանի ՄԱԿի առաքելությունը չի արձագանքել լրագրողների խնդրանքներին։
Իրանը վերսկսել է միջուկային թեման 2019թ. այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը դուրս եկավ նախորդ միջուկային համաձայնագրից։ ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենի օրոք հետախուզությունը բացահայտել էր, որ Իրանը միջուկային զենք ստեղծելու ավելի կարճ ճանապարհ է փնտրում, որը կպահանջի «ամիսներ, եւ ոչ թե մեկ տարի կամ ավելի»: Այս ֆոնին Իրանի բարձրաստիճան զինվորականները կոչ են արել չեղյալ համարել միջուկային զենքի մշակումն արգելող ֆեթվան:
Թրամփի թիմի անդամները «լրջորեն» դիտարկում են Իրանի միջուկային օբյեկտներին ավիահարվածներ հասցնելու հնարավորությունը, գրել է The Wall Street Journal-ը 2024թ. դեկտեմբերին։ Միաժամանակ, ինքը՝ Թրամփը, փետրվարին ասել էր, որ կգերադասի Թեհրանի հետ պայմանագիր կնքել, քան ռմբակոծություններ իրականացնել։
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին մարտի 9-ին հայտնել է, որ Թեհրանը չի բանակցի «ճնշող» ուժերի հետ։ Նամակի ստացման օրը՝ մարտի 12-ին, Ալի Խամենեին բանակցությունների Թրամփի առաջարկը «խաբեություն» է անվանել։ Նա նշել է, որ հենց Թրամփն է դուրս եկել միջուկային նախորդ գործարքից։




























