Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչները կհանդիպեն Էր Ռիադում մարտի 24-ին, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի հետ հեռախոսազրույցից հետո։ Ռուսական պատվիրակությունը կգլխավորեն սենատոր Գրիգորի Կարասինը և ԱԴԾ տնօրենի խորհրդական Սերգեյ Բեսեդան, հայտնում է «Коммерсантъ»-ը։
Ուկրաինայի հետախուզությունը Բեսեդային Կիևի համար «շատ խնդրահարույց մարդ» է անվանվել:
«Նրանք իսկապես փորձառու բանակցողներ են, որոնք լավ տեղյակ են միջազգային հարցերին: Հուսով ենք՝ երկուշաբթի նախատեսված խորհրդակցություններն արդյունավետ կլինեն»,- վստահեցրել է Յուրի Ուշակովը։
Ըստ Ուշակովի՝ երկու երկրների փորձագիտական խմբերը կհանդիպեն՝ Սև ծովում նավագնացության անվտանգության վերաբերյալ նախաձեռնություն մշակելու նպատակով։ Որպես օրինակ՝ նա բերել է 2022 թվականի հուլիսին ՄԱԿ-ի աջակցությամբ կնքված «համապատասխան փաթեթային համաձայնագրերը»։ Այնուհետ Ռուսաստանը, Ուկրաինան, Թուրքիան և ՄԱԿ-ը պայմանավորվեցին հացահատիկի գործարքի շուրջ:
Մոսկվան մեկ տարի անց դուրս եկավ համաձայնագրից՝ պատճառաբանելով, որ չի կատարել դրա որոշ պայմանները:
Սկզբում Սպիտակ տունը հայտնել էր, որ մարտի 23-ին Ջիդդայում անցկացվելու են բանակցություններ Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների միջև՝ համաձայնեցնելու համար հրադադարի պայմանները։ Մարտի 20-ին Կրեմլը պարզաբանել է, որ ժամկետը համաձայնեցվում է։ Նախօրեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ առաջիկա օրերին Սաուդյան Արաբիայում տեղի կունենա Վաշինգտոնից և Կիևից փորձագիտական խմբերի հանդիպումը։





























