Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն հայտնել է, որ մերձմոսկովյան «Կրոկուս սիթի հոլի» ահաբեկչության գործով 19 անձի մասնակցությամբ քննչական գործողություններն ավարտվել են, գրել է «Коммерсант»-ը։
Ըստ ՌԴ ՔԿ-ի՝ ահաբեկչությունը ծրագրվել եւ կազմակերպվել է «ոչ բարեկամական պետության հատուկ ծառայությունների կողմից՝ Ռուսաստանում իրավիճակն ապակայունացնելու նպատակով»։ Թե կոնկրետ որ երկրի մասին է խոսքը՝ չի նշվում։
Քննչական կոմիտեի տվյալներով՝ ահաբեկչության կազմակերպմանը մասնակցել են Կենտրոնական Ասիայի վեց քաղաքացիներ, որոնցից մի քանիսը կեղծանուններով են։ Նրանք գտնվում են արտերկրում, հեռակա ձերբակալվել են, նրանց նկատմամբ հայտարարված է հետախուզում։
Ենթադրյալ հանցագործները հավաքագրել են ահաբեկչության չորս հեղինակներին՝ Դալերջոն Միրզոեւին, Մուհամադսոբիր Ֆայզովին, Շամսիդին Ֆարիդունին եւ Սաիդաքրամի Ռաչաբալիզոդային, նշել է Քննչական կոմիտեն։
«Կրոկուս սիթի հոլում» ահաբեկչությունը տեղի է ունեցել 2024թ. մարտի 22-ին։ Զոհվել է 145 մարդ, ավելի քան 550-ը՝ վիրավորվել։ Հանցագործության հեղինակները բերման են ենթարկվել հաջորդ օրը՝ մարտի 23-ին։ Ընդհանուր առմամբ գործով մեղադրվում է 27 մարդ։ Փետրվարին մեղադրյալներից մեկի՝ Օլեգ Վլասովի փաստաբանը հայտնել էր հետաքննության ավարտի մասին, եւ կողմերը սկսել են ծանոթանալ գործի նյութերին։ Մարտի 20-ին երկարացվել է ահաբեկչության 8 ենթադրյալ հեղինակների կալանքը։
Ինչպես հայտնի է դարձել «Կոմերսանտին», բոլոր քննչական գործողությունների ավարտը նշանակված է մայիսի 22-ին։ Վլասովի խոսքով՝ ինքը գործում չի գտել «Կրոկուսի» վրա հարձակման դրդապատճառների հստակ ձեւակերպում։





























