Հյուսիսային Կորեան կշարունակի անսասանորեն աջակցել Ռուսաստանին՝ Ուկրաինայում նրա ռազմական գործողության մեջ, հայտարարել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Փհենյանում Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպմանը, հայտնում է Rodong Sinmun-ը։

Նրանք «տարածաշրջանային և միջազգային իրավիճակի վերաբերյալ երկու երկրների ղեկավարների կարծիքների և տեսակետների մանրակրկիտ փոխանակում են ունեցել»։

Կիմ Չեն Ընը և Շոյգուն հաստատել են իրենց պատրաստակամությունն՝ անվերապահորեն հետևելու Հյուսիսային Կորեայի և Ռուսաստանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագրին, որը ստորագրվել է 2024 թվականի հունիսին։ Հաստատվել են միանգամայն նույն դիրքորոշումները, ասվում է զեկույցում։

Ինչպես հայտնում է РБК-ն, Շոյգուն Փհենյան է ժամանել մարտի 21-ի առավոտյան, նա Հյուսիսային Կորեայի առաջնորդին է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը, ինչպես նաև ՌԴ նախագահի «ողջույններն ու բարեմաղթանքները»։ Շոյգուն հայտարարել է, որ Պուտինը «առավելագույն ուշադրություն է դարձնում» ԿԺԴՀ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը։

Փետրվարի սկզբին Կիմ Չեն Ընը մեղադրել էր ԱՄՆ-ին և արևմտյան այլ երկրներին Մոսկվայի և Կիևի միջև ռազմական հակամարտությունը միտումնավոր երկարաձգելու մեջ՝ հանուն Ռուսաստանին ռազմավարական պարտություն պատճառելու անիրական երազանքի։ Այն ժամանակ նա նաև հայտարարեց, որ ԿԺԴՀ-ի բանակն ու ժողովուրդը «միշտ կաջակցեն և կխրախուսեն ռուսական բանակի և ժողովրդի արդար գործը՝ պաշտպանելու իրենց ինքնիշխանությունը, անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը», ինչպես նաև հիշեցրեց Ռուսաստանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրը։