Հայաստանը 2011-ին կարողացավ ավելի ամրապնդել իր դիրքերը Ղարաբաղի հարցում բոլոր ուղղություններով: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ազգային Ժողովի հանրապետական պատգամավոր Կարեն Ավագյանը:
Պատգամավորի խոսքով, այսօրվա դրությամբ միջազգային կառույցներն ու գերտերությունները ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում կիսում են Հայաստանի դիրքորոշումը: «Վերջին տարիների ըթնացքում Հայաստանը կարողացավ այնպիսի դիրքի հասնել, որ միջազգային կառույցներն ու գերտերություններն ընդունեցին եւ կիսեցին հայկական կողմի դիրքորոշումը: Դա կարելի է համարել Հայաստանի ձեռքբերումը»,- ասել է պատգամավորը:
Խոսելով թերացումների մասին` Ավագյանը նշել է, որ ամենամեծ կորուստը շփման գծում գրանցված մարդկային զոհերն են. «Մենք ապագայում պետք է կանխենք այդ անդառնալի կորուստները»:
Պատգամավորի կարծիքով, չարժե որեւէ բան կանխատեսել կարգավորման գործընթացի վերաբերյալ, քանի որ հակառակորդն անկանխատեսելի է: Ադրբեջանն իր անկանխատեսելիությւնը ապացուցել է բազմիցս: «Մի բան միանշանակ է` Հայաստանը վստահ է իր դիրքերում, ղարաբաղյան խնդրի կարգավորումը տեսնում է խաղաղ եղանակով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»,- ամփոփել է նա:



























