Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը հաստատել է, որ Վաշինգտոնի հետ անուղղակի բանակցություններ վարելու հնարավորությունը բաց է մնում, գրում է Mehr-ը։

Կիրակի օրը կառավարության նիստում Փեզեշկիանը նշել է, որ Իրանի պաշտոնական պատասխանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակին ամերիկյան կողմին է փոխանցվել Օմանի միջոցով։

Նա պարզաբանել է, որ թեև Իրանը հստակորեն մերժել է ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների հնարավորությունը, սակայն անուղղակի բանակցությունների տարբերակը բաց է մնում։

«Ինչպես նախկինում հայտարարել ենք, Իրանը երբեք չի փակել անուղղակի հաղորդակցության ուղիները: Իրանը իր պատասխանում հաստատել է, որ չի խուսափում բանակցություններից, այլ, ավելի շուտ, ԱՄՆ-ի կողմից պայմանավորվածությունների և պարտավորությունների բազմակի խախտումներն են, որ խոչընդոտներ են ստեղծում այս ճանապարհին»,- ասել է Մասուդ Փեզեշկիանը:

Նա ընդգծել է, որ եթե ԱՄՆ-ն ձգտում է վերսկսել բանակցությունները, ապա «նախ պետք է վերականգնի վստահությունը՝ շտկելով անցյալի խախտումները»։

Իրանի նախագահը հավելել է, որ հենց ամերիկացիների մոտեցումն է պայմանավորում բանակցային գործընթացի շարունակությունը։