Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրապարակել է 2024 թվականի եկամուտների և ծախսերի հայտարարագիրը, հայտնում է РБК-Украина-ն՝ հղում անելով Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքին։
Ըստ հայտարարագրի, պետության ղեկավարի և նրա ընտանիքի անդամների եկամուտը 2024 թվականին կազմել է 15 միլիոն 286 հազար 193 գրիվնա։ Մասնավորապես, ներքին պետական վարկային պարտատոմսերից ստացված եկամուտը գերազանցել է 8,5 մլն գրիվնան (8,585,532 գրիվնա):
«Վլադիմիր Զելենսկիի ընտանիքի եկամուտը 2024 թվականին բաղկացած է եղել պետության ղեկավարի աշխատավարձից, բանկային տոկոսներից և սեփական անշարժ գույքի վարձակալությունից ստացված եկամտից։ Ընդհանուր առմամբ, այդ եկամուտը կազմել է 6 միլիոն 700 հազար 661 գրիվնա»,- ասվում է հաղորդման մեջ։
Կայքը պարզաբանել է, որ 2023 թվականի համեմատ Զելենսկիի ընտանիքի եկամուտների աճը պայմանավորված է վարձակալության վճարների ամբողջ գումարի ստացման վերականգնմամբ։
«Պետության ղեկավարի ընտանիքի մնացած դրամական միջոցները 2024 թվականի վերջին էականորեն չեն փոխվել։ Անցյալ տարի Ուկրաինայի նախագահի ընտանիքում ակտիվների, անշարժ գույքի կամ տրանսպորտային միջոցների հետ կապված այլ էական փոփոխություններ չեն եղել»,- ամփոփել է Ուկրաինայի նախագահի կայքը։





























