Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն այցելել է Իսրայել։ Երկրի նախագահ Իցխակ Հերցոգի հետ նա քննարկել է Գազայի հատվածում պատանդների շուրջ ստեղծված իրավիճակը, հայտնում է Times of Israel-ը։
Միցոտակիսի հետ զրույցում Հերցոգը հայտարարել է, որ Իսրայելի ռազմական արշավը Գազայում ուղղված է մնացած իսրայելցի պատանդների վերադարձն ապահովելուն։ «Այժմ մենք ռազմական գործողություններ ենք իրականացնում՝ մեր պատանդներին վերադարձնելու համար», - ասել է Հերցոգը Հունաստանի առաջնորդի հետ Երուսաղեմի նախագահական նստավայրում հանդիպման ժամանակ՝ հավելելով, որ Իսրայելը ստանում է «շատ տագնապալի հաղորդումներ պատանդների առողջության մասին, և որ նրանց արագ վերադարձը մեր գործունեության ամենակարևոր առաջնահերթությունն է»։
Իր հերթին, Հունաստանի վարչապետը գրառում է կատարել նախագահի կարծիքների գրքում, որտեղ նա ցանկություն է հայտնել «ընդգծել մեր ժողովուրդների միջև ռազմավարական գործընկերությունը և բարեկամական ամուր կապերը, ինչպես լավ, այնպես էլ վատ ժամանակներում»:





























