Դանիայի արտգործնախարար Լարս Լոկե Ռասմուսենն այս շաբաթ կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Գրենլանդիայի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններից հետո սա երկրների առաջին բարձր մակարդակի բանակցությունն է լինելու, գրել է FT-ն։

Պարբերականի տեղեկացմամբ՝ Ռասմուսենը եւ Ռուբիոն բանակցությունները վարելու են Բրյուսելում ՆԱՏՕ երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպման շրջանակում, որը տեղի է ունենալու ապրիլի 3-ին։

Միեւնույն ժամանակ, FT աղբյուրները հայտնել են, որ Կոպենհագենի եւ Վաշինգտոնի միջեւ հարաբերությունների լարվածության պատճառով հանդիպումը կարող են չեղարկել։

Պաշտոնատար անձանց տվյալներով՝ այժմ դիվանագիտական շփումները ԱՄՆ-ի եւ Դանիայի միջեւ հասցվել են նվազագույնի։ ԱՄՆ պետդեպարտամենտում նաեւ հրաժարվել են մեկնաբանել այս շաբաթ հանդիպման անցկացման հնարավորությունը։

Արժե հիշեցնել, որ հունվարին Ռասմուսենը եւ Ռուբիոն 20 րոպեանոց հեռախոսազրույց են ունեցել։