Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չորեքշաբթի հայտարարել է, որ զինվորականները մասնատում են Գազայի հատվածը և «գրավում տարածքներ»՝ ստիպելու համար ՀԱՄԱՍ խմբավորմանը ազատ արձակել պաղեստինյան տարածքում պահվող պատանդներին, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։
«Զինվորականները մասնատում են (Գազայի հատվածը) և քայլ առ քայլ մեծացնում են ճնշումը, որպեսզի (ՀԱՄԱՍ) վերադարձնի մեր պատանդներին»,- ասել է Նեթանյահուն՝ հավելելով, որ Իսրայելը «գրավում է տարածքներ, հարվածներ է հասցնում ահաբեկիչներին և ոչնչացնում ենթակառուցվածքները»։
Նա հավելել է, որ բանակը «հսկողության տակ է առնում Մորագ առանցքը», որը ենթադրաբար կանցնի հարավային Խան Յունիս և Ռաֆահ նահանգների միջև:
Առանցքի անվանումը վերաբերում է նախկին իսրայելական բնակավայրին այն տարածքում, որը տարհանվել էր 2005 թվականին Գազայից Իսրայելի դուրսբերման ժամանակ: Նա նոր առանցքը համեմատել է Ֆիլադելֆիական միջանցքի Եգիպտոսի հետ սահմանի երկայնքով ցամաքի շերտի հետ, որը, ըստ նրա, Իսրայելը պետք է վերահսկի Եգիպտոսից պաղեստինյան տարածք զենք չմտցնելու համար:
Նեթանյահուն հավելել է, որ Իսրայելը կշարունակի ռազմական ճնշում գործադրել այնքան ժամանակ, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի ազատել մնացած պատանդներին։
2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի աննախադեպ հարձակման ժամանակ վերցված 251 պատանդներից 58-ը դեռևս պահվում են Գազայում, ներառյալ՝ 34-ը, որոնք, ըստ իսրայելական բանակի, զոհվել են:





























