Գերմանական շքեղ ավտոմեքենաների արտադրող Porsche-ն կարող է սկսել տանկեր և զենքեր արտադրել՝ կապված Գերմանիայի ավտոարդյունաբերության խնդիրների և պաշտպանական ծախսերը մեծացնելու երկրի կառավարության ծրագրերի հետ, հայտնում է ESuT-ը։
2024 թվականին 20 միլիարդ եվրոյի վնասից հետո ընկերության ղեկավարությունը պնդում է, որ պետք է դիմել կոշտ տնտեսական միջոցների և բիզնեսի նոր ոլորտներ է փնտրում։ Մասնավորապես, Porsche-ն կարող է մինչև 2 մլրդ եվրո ներդնել պաշտպանական նախագծերում և արդեն ներդրումներ է կատարել Quantum Systems ստարտափում, որը զբաղվում է անօդաչու թռրող սարքերի մշակմամբ։
Ավտոարտադրողի համար ռազմական արտադրանք արտադրելը գրեթե «վերադարձ դեպի արմատներ» կլիներ։ 1931 թվականին հիմնադրված ընկերությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գերմանական բանակի համար տարբեր սարքավորումների արտադրությամբ էր զբաղվել։ Porsche-ի հիմնադիր Ֆերդինանդ Պորշեն ինքն է ստեղծել Tiger (P) ծանր տանկը, Maus գերծանր տանկը և Ferdinand հակատանկային ինքնագնաց հրետանային սարքավորումը։ Նաև 1958 թվականից Porsche-ն մասնակցել է տանկի մշակմանը, որը 1963 թվականին ստացել է Leopard 1 անվանումը, ինչպես նաև այլ մարտական մեքենաներ։
Գերմանիայի արտահանմանն ուղղված ավտոարդյունաբերությունը տուժել է Չինաստանի տնտեսության դանդաղումից: Այն նաև պարտվել է չինական էլեկտրական մեքենաներ արտադրողների մրցակցությանը: Արդյունքում, առանձին ընկերություններ սկսել են անցնել ռազմական տեխնիկայի արտադրությանը, քանի որ գերմանական իշխանությունները ծրագրում են ծախսել 200 միլիարդ եվրո պաշտպանության վրա և հանել են դրա համար պետական պարտք վերցնելու վաղեմի սահմանափակումները։





























