ԱՄՆ-ի հետ բանակցային գործընթացում Իրանի գլխավոր նպատակը Թեհրանի դեմ տնտեսական պատժամիջոցների վերացումն է; Իրանի միջուկային ծրագիրը կրում է բացառապես խաղաղ բնույթ, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

«Ինչ վերաբերում է բանակցությունների թեմաներին, բնական է, որ բոլորը կարող են արտահայտել իրենց ենթադրությունները կամ ցանկությունները... Մենք ձգտում ենք ապահովել Իրանի ժողովրդի շահերը, և մեր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ է և օրինական: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևը նույնպես հաստատեց մեր ծրագրի օրինականությունը… Վստահության ստեղծման դիմաց, իհարկե, պետք է հանվեն կեղծ մեղադրանքների հիման վրա Իրանի նկատմամբ անարդարացիորեն կիրառված պատժամիջոցները։ Բանակցություններում մեր հիմնական նպատակն է իրացնել Իրանի ժողովրդի իրավունքները և չեղարկել Իրանի դեմ պատժամիջոցները»,- ասել է Արաղչին, ում խոսքերը մեջբերում է իրանական պետական ​​IRNA գործակալությունը։

Նախորդ երեկոյան New York Times-ի լրագրող Ֆարնազ Ֆասիհին, վկայակոչելով Թեհրանի ներկայացուցիչներին, ավելի վաղ հայտնել էր, որ շաբաթ օրն Օմանում նախատեսվում է անցկացնել ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների հանդիպումը, որին սպասվում են անուղղակի բանակցություններ: Իրանի արտգործնախարարն այնուհետ հաստատել է, որ Իրանի և ԱՄՆ-ի պաշտոնյաները շաբաթ օրն Օմանում կհանդիպեն բարձր մակարդակի անուղղակի բանակցությունների համար: