ԱՄՆ-ի հետ բանակցությունների ընթացքում Իրանը կարող է համաձայնել նվազեցնել ուրանի հարստացման մակարդակը՝ հակաիրանական պատժամիջոցների ամբողջական վերացման եւ ներքին ընդդիմությանը Վաշինգտոնի աջակցության դադարեցման դիմաց։ Իրանական պահպանողական «Ջավան» թերթի հոդվածում նման կարծիք է հայտնել պարբերականի գլխավոր խմբագիր Ղոլամ-Ռեզա Սադեղիանը:
«Իրանը կարող է համաձայնել նվազեցնել [ուրանի] հարստացման մակարդակը իր կողմից: Դա չի կարող դիտվել որպես որեւէ զիջում: Միջուկային արդյունաբերության եւ ոչ զինական կարիքներին համապատասխան՝ հարստացման մակարդակի պահպանումն այն է, ինչի մասին մենք երկար տարիներ խոսել եւ ցանկացել ենք», - գրել է նա:
Համապատասխանաբար, նման սահմանափակումների եւ միջուկային օբյեկտների ստուգումների ավելացման դիմաց Իրանը պետք է ԱՄՆ-ից ստանա «պատժամիջոցների ամբողջական վերացում եւ ընդդիմությանն աջակցող բացահայտ թշնամական քաղաքականության դադարեցում», ավելացրել է Սադեղիանը։
Իրանի եւ ԱՄՆ պատվիրակությունների միջեւ խորհրդակցությունների առաջին փուլը կանցկացվի ապրիլի 12-ին Օմանում։ Հիմնական բանակցողները կլինեն իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին եւ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։ Իրանական կողմի հայտարարությունների համաձայն՝ բանակցությունները կանցկացվեն ոչ թե ուղղակիորեն, այլ Մասկատի միջնորդությամբ։ Իր հերթին, պետդեպարտամենտի խոսնակ Թեմի Բրյուսն ասել է, որ առաջիկա միջոցառումը կարելի է որակել որպես հանդիպում, այլ ոչ թե բանակցություններ։




























