ԱՄՆ նախագահի Մերձավոր Արեւելքի գծով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը մեկնել է Ռուսաստան, ենթադրաբար՝ հանդիպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ապրիլի 11-ին տեղեկացրել է Axios պարբերականը՝ հղում կատարելով աղբյուրներին եւ FlightRadar24 թռիչքների հսկման սերվիսի տվյալներին։

Ինչպես տեղեկացրել է «Важные истории»-ն, թռիչքների հսկման ADSBexchange սերվիսի տվյալներով՝ N103WG համարով Gulfstream G650ER բիզնես-ջեթը այժմ գտնվում է Պետերբուրգում։ Ուիթքոֆը արդեն մեկնել էր Ռուսաստան այդ ինքնաթիռով փետրվարի սկզբին, Պուտինին հանդիպելու համար։

Պետդեպարտամենտի ներկայացուցիչը չի պատասխանել Axios-ի հարցմանը Ռուսաստան Ուիթքոֆի ուղեւորության մասին։

Կրեմլում առայժմ չեն մեկնաբանել տեղի ունեցածը։ Նախօրեին Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը տեղեկացրել էր, որ ապրիլի 11-ին նախագահի մոտ նախատեսված է տարածաշրջանային ողեւորություն, բայց դրա մասին մանրամասներ չեն նշվել։

Սա կլինի Պուտինի հետ Ուիթքոֆի արդեն երրորդ հանդիպումը վերջին երկու ամսում։

Ինչպես նշել է Axios-ը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հիասթափված է այն պատճառով, որ Ռուսաստանը եւ Ուկրաինան հաշտություն չեն կնքել։ Պարբերականի տվյալներով, եթե հրադադարի մասին համաձայնագիրը չկնքվի մինչեւ ապրիլի վերջ, ապա ԱՄՆ-ը կարող է լրացուցիչ պատժամիջոցներ մտցնել Ռուսաստանի դեմ։