Եվրոպական խորհրդի եւ Եվրահանձնաժողովի ղեկավարները պլանավորում են հուլիսին մեկնել Պեկին՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ գագաթաժողովի համար, հայտնել է South China Morning Post-ը՝ վկայակոչելով հինգ աղբյուրներ։
2023թ. դեկտեմբերին Պեկինում տեղի է ունեցել չորս տարվա ընթացքում ԵՄ-Չինաստան առաջին առերես գագաթաժողովը։ Ենթադրվում էր, որ հաջորդ անգամ գագաթաժողովի վայրը կփոխվի, սակայն Սի Ծինփինը չի ցանկանում գնալ Բրյուսել, գրել է պարբերականը։ Նրա զրուցակիցների խոսքով՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը համաձայնել են, որ պետք է մեկնեն Պեկին, եթե ցանկանում են անձամբ հանդիպել Չինաստանի առաջնորդին։
Չինական կողմը դեռ չի հաստատել գագաթաժողովի ամսաթիվը, սակայն Կոշտայի եւ ֆոն դեր Լյայենի՝ Չինաստան մեկնելու պատրաստակամությունը վկայում է «Պեկինի հետ փոխգործակցությունը վերսկսելու լուրջ ջանքերի մասին»՝ ԵՄ-ԱՄՆ հարաբերություններում լարվածության ֆոնին, գրել է South China Morning Post-ը։
Դրանից քիչ առաջ ֆոն դեր Լյայենը զրուցել է Չինաստանի վարչապետ Լի Ցյանի հետ։ Ինչպես գրել է South China Morning Post-ը, նրանք պայմանավորվել են վերահսկել Դոնալդ Թրամփի մաքսատուրքերի պատճառով սկսված առեւտրային պատերազմի հետեւանքները։ Եվրոպացիները, գրել է պարբերականը, հատկապես մտահոգված են, որ չինական էժանագին ապրանքների հոսքը ԱՄՆ, կարող է վերաուղղորդվել դեպի Եվրոպա եւ մեծացնել ճնշումը տեղական արտադրողների վրա։
South China Morning Post-ը նշել է, որ ֆոն դեր Լեյենը ավելի մեղմ դիրքորոշում է որդեգրել Չինաստանի նկատմամբ, եւ այս տարի Չինաստանի վարչապետի հետ նրա զրույցը չի հիշատակել որոշ ավանդական դժգոհություններ, ինչպիսին են, օրինակ, մարդու իրավունքները:





























