ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա Հռոմում։ Այս մասին իտալական ANSA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Իտալիայի արտգործնախարար Անտոնիո Տայանին։
«Մենք հարցումներ ենք ստացել շահագրգիռ կողմերից և Օմանից, որը հանդես է գալիս միջնորդի դերում, և մենք դրական ենք արձագանքել»,- ասել է Տայանին ճապոնական Օսակա քաղաքում անցկացվող World Expo-ում։
Հռոմը հաճախ է ընդունել նման բանակցություններ և «պատրաստ է անել հնարավոր ամեն բան՝ աջակցելու բոլոր բանակցություններին, որոնք կարող են հանգեցնել միջուկային խնդրի լուծմանը և խաղաղության հաստատմանը», - ասել է Տայանին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով սպառնացել է ռազմական գործողություններով, եթե համաձայնություն ձեռք չբերվի Իրանի միջուկային ծրագրին վերջ տալու համար, կիրակի օրը Air Force One-ի լրագրողներին ասել է, որ հանդիպել է Իրանի հարցերով խորհրդականների հետ և ակնկալում է, որ որոշումն արագ կընդունվի: Նա այլ մանրամասներ չի հայտնել։
Ավելի վաղ նա լրագրողներին ասել էր, որ Իրանում իրավիճակը «կարծում եմ՝ բավականին լավ է զարգանում»։





























