ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին վստահություն են հայտնել, որ Միացյալ Նահանգները և Եվրամիությունը կկարողանան համաձայնության գալ առևտրային մաքսատուրքերի շուրջ։
Թրամփը, մասնավորապես, հայտարարել է, որ «հարյուր տոկոսով» հավատում է ԵՄ-ի հետ գործարք կնքելուն։ Նրա գնահատմամբ՝ դրա համար անհրաժեշտ կլինի երեքից չորս շաբաթ, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը: Միաժամանակ, ԱՄՆ նախագահը հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե ցանկանու՞մ է հանդիպել Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ, որն անդամ երկրների անունից բանակցում է մաքսատուրքերի շուրջ։ Այնուամենայնիվ, նա վստահեցրել է. «Մենք խնդիր չենք ունենա Եվրոպայի կամ որևէ մեկի հետ գործարք կնքելու հարցում»։
Մելոնին, իր հերթին, ասել է. «Վստահ եմ, որ մենք կարող ենք գործարք կնքել»: Նա ԱՄՆ-ին անվանել է «վստահելի գործընկեր», հայտնում էգերմանական Deutsche Welle պարբերականը։ Ըստ Մելոնիի՝ Թրամփը ընդունել է մոտ ապագայում Հռոմ այցելելու հրավերը և քննարկում է այնտեղ այլ եվրոպական առաջնորդների հետ հանդիպելու հնարավորությունը։ «Եթե նույնիսկ Ատլանտյան օվկիանոսի երկու ափերի միջև ինչ-որ խնդիրներ ունենք, եկել է ժամանակը, որպեսզի հանդիպենք և լուծումներ գտնենք»,- շեշտել է Իտալիայի վարչապետը։


























