Պետդեպարտամենտի վերակազմավորումը կհանգեցնի նրա մոտ 130 բաժինների փակմանը եւ առնվազն 700 պաշտոնների վերացմանը։ Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով արտաքին քաղաքականության գերատեսչության բարեփոխման նախնական ծրագրեր պարունակող փաստաթղթին։
Նրա տվյալներով՝ Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովներին ներկայացված փաստաթուղթը դրույթներ է պարունակում պետդեպարտամենտի 132 բյուրոների, գերատեսչությունների եւ ծրագրերի առաջիկա վերացման մասին։ Կկրճատվի 732 հաստիք, շատերը կտեղափոխվեն այլ գերատեսչություններ։ Մասնավորապես, ինչպես նշել է The Washington Post-ը, վերացվելու է քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնը։ Բացի այդ, պատերազմական հանցագործությունների, ինչպես նաեւ «հակամարտությունների եւ կայունացման գործողությունների» հետաքննության մեջ ներգրավված ծառայությունները կդադարեցնեն իրենց գործունեությունը:
Պարբերականը նշել է, որ պետդեպարտամենտի բարեփոխումը, դատելով փաստաթղթում շարադրված ծրագրերից, «այնքան էլ արմատական» չի լինի, որքան սպասվում էր։ Մասնավորապես, ներկայում չի խոսվում աֆրիկյան մայրցամաքում ամերիկյան դիվանագիտական առաքելությունների գործունեությունը սահմանափակելու եւ ԱԳՆ մասնագիտացված բաժինը Աֆրիկայի հարցերով հատուկ ներկայացուցչի գրասենյակով փոխարինելու մասին։
Reuters-ն ընդգծել է, որ վերակազմավորման ծրագրով պետքարտուղարի տեղակալներից պահանջվում է պլաններ մշակել՝ կրճատելու իրենց ենթակաների 15 տոկոսը: Պետդեպարտամենտում հատուկ ստեղծված աշխատանքային խումբը մինչեւ հուլիսի 1-ը պետք է ներկայացնի գերատեսչության վերակազմավորման մանրամասն ծրագրերը։





























