Իլոն Մասկը երեքշաբթի հայտնել է, որ հաջորդ ամսվանից կնվազեցնի իր ներգրավվածությունը ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտում (DOGE), որը նա վերահսկում է:
«Հավանական է, որ հաջորդ ամսից՝ մայիսից, այն ժամանակը, որը ես հատկացնում եմ DOGE-ին, զգալիորեն կկրճատվի: «Հաջորդ ամսվանից սկսած՝ ես իմ ժամանակից ավելի շատ կծախսեմ [էլեկտրական մեքենաների ընկերության] Tesla-ի վրա»,- ասել է նա իր ընկերության ներդրողներին: Մասկն ավելացրել է, որ ինքը կշարունակի շաբաթական մեկ կամ երկու օր նվիրել կառավարության աշխատանքին, քանի դեռ «դա օգտակար է եւ անհրաժեշտ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին»։
Երեքշաբթի ավելի վաղ Tesla-ն հայտնել էր 2025թ. առաջին եռամսյակի զուտ շահույթի 71 տոկոս անկման մասին՝ 2024թ. համեմատ եկամուտը նվազել է 9 տոկոսով: Ընկերությունը անկումը բացատրել է Բեռլինում, Շանհայում, Ֆրիեմոնտում (Կալիֆոռնիայի նահանգ) եւ Օսթինում (Տեխասի նահանգ) գործարաններում արտադրագծերի արդիականացումներով, էլեկտրական մեքենաների միջին գնի անկմամբ եւ ավտոմոբիլների եւ էներգիայի շուկաներում անորոշությամբ՝ պայմանավորված ԱՄՆ արագ փոփոխվող առեւտրային քաղաքականությամբ:
Վերլուծաբանները եկամուտների անկումը, ի թիվս այլ բաների, պայմանավորում են ընկերությանը հասցված վնասով Մասկի քաղաքական գործունեության արդյունքում՝ որպես DOGE-ի կուրատոր։ Tesla ապրանքանիշը սերտորեն կապված է գործարարի անձի հետ, եւ նրա աջակցությունը Թրամփին վանել է որոշ հաճախորդների։ Եվրոպայում եւ ԱՄՆ-ում գնորդները կոչ են անում բոյկոտել Tesla-ի արտադրանքը։ Բացի այդ, Tesla-իսեփականատերերն ու դիլերները ԱՄՆ-ում վերջին շաբաթներին ենթարկվել են վանդալիզմի ակտերի, որոնց մեքենաները այրվել են ավտոկայանատեղերում արմատական ակտիվիստների կողմից:





























