Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկեւիչսը ստորագրել է օրենք հակահետեւակային ականների օգտագործման, արտադրության եւ պահման արգելքի վերաբերյալ Օտտավայի կոնվենցիայից երկրի դուրս գալու մասին։ Այս մասին տեղեկացրել է Delfi պորտալը։

«Հաշվի առնելով տարածաշրջանային անվտանգության իրավիճակի զարգացման դինամիկան՝ Լատվիայի համար կարեւոր է չսահմանափակել իր գործողությունների ճկունությունը եւ ունենալ զենքի տարբեր համակարգեր եւ լուծումներ օգտագործելու հնարավորություն՝ զսպող ուժն ուժեղացնելու եւ պետության ու նրա բնակչության պաշտպանությունն ապահովելու համար»,- նշվել է օրենքի բացատրական գրության մեջ։

Ռիգայի գնահատմամբ՝ հակահետեւակային ականները, երբ զուգակցվում են այլ զինատեսակների հետ, ուժեղացնում են պաշտպանական կարողությունները եւ չեն կարող փոխարինվել այլընտրանքային լուծումներով։ Միեւնույն ժամանակ նշվել է, որ Լատվիան հավատարիմ է մնում «ռազմական գործողությունների ազդեցությունը խաղաղ բնակչության վրա նվազագույնի հասցնելուն եւ կշարունակի համապատասխանել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին»։

Ավելի վաղ Լատվիայի Սեյմը (խորհրդարանը) վերջնական ընթերցմամբ ընդունել էր օրենք Օտտավայի կոնվենցիայից երկրի դուրս գալու մասին։ Բալթյան հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունն ակնկալում է, որ երկիրը կհրաժարվի համաձայնագրից Լիտվայի, Լեհաստանի եւ Էստոնիայի հետ միաժամանակ։