Ուզբեկստանի առաջին նախագահ Իսլամ Քարիմովի ավագ դստեր՝ Գուլնարա Քարիմովայի անօրինական ձեռք բերած ակտիվները, որոնք բռնագանձվել են Շվեյցարիայում եւ վերադարձվել Ուզբեկստան, օգտագործվում են առողջապահության ոլորտում։ Այս մասին տեղեկացրել է Ուզբեկստանի էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը։

Նրա տվյալներով՝ 2022թ. օգոստոսի 16-ին Ուզբեկստանի եւ Շվեյցարիայի միջեւ ստորագրվել է ռեստիտուցիայի մասին համաձայնագիր, այդ համաձայնագրի շրջանակում ՄԱԿ-ը, Ուզբեկստանը եւ Շվեյցարիան ստեղծել են բազմակողմ թրաստային հիմնադրամ։ Դրա միջոցների կառավարման համար ստեղծվել են Ռազմավարական կոմիտե եւ Քաղաքացիական հասարակության խորհրդակցական խորհուրդ։

«Համաձայնագրի շրջանակում պայմանավորվածություն է ձեռք բերվել 131 մլն դոլարի առաջին տրանշի վերադարձման մասին, մասնավորապես, առողջապահության ոլորտում այս միջոցներով մեր հանրապետության 230 պերինատալ կենտրոնների համար ձեռք են բերվել 23 տեսակի 5 841 միավոր ժամանակակից բժշկական սարքավորումներ։ «Խնայված միջոցների հաշվին նախատեսվում է ներմուծել ավելի քան 1 400 միավոր բժշկական սարքավորումներ»,- նշվել է հաղորդագրությունում։ Բացի այդ, ավելի քան 11 000 բուժաշխատողներ վերապատրաստվել են ՄԱԿ կազմակերպությունների կողմից՝ օգտագործելով բռնագրավված միջոցները, իսկ ծննդատներում բժշկական ծառայությունների մատուցման վերաբերյալ 29 ազգային արձանագրություններ եւ ուղեցույցներ թարմացվել են՝ հիմնվելով միջազգային չափանիշների վրա:

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Ուզբեկստանի պրոֆիլային գերատեսչությունները միջոցները վերադարձնելու մասին բանակցություններ են վարում այլ երկրների հետ, որտեղ գտնվում են Գուլնարա Քարիմովայի անօրինական ակտիվները։

Ուզբեկստանի առաջին նախագահ Իսլամ Քարիմովի ավագ դուստրը՝ Գուլնարա Քարիմովան, 2015թ. օգոստոսին Ուզբեկստանում դատապարտվել է յուրացման, շորթման եւ հարկերից խուսափելու համար։ 2017թ. դեկտեմբերին Քարիմովան մեկ այլ գործով դատապարտվել է 10 տարվա ազատազրկման, իսկ 2020թ. մարտին նոր քրեական գործով դատարանը նրա ազատազրկման ժամկետը հասցրել է 13 տարի 4 ամսի։