ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է Սաուդյան Արաբիային առաջարկել ավելի քան 100 միլիարդ դոլարի ամերիկյան զենք վաճառելու գործարք, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով իր սեփական աղբյուրներին։

Ըստ Reuters-ի վեց զրուցակիցների՝ հայտարարությունը նախատեսված է Թրամփի՝ թագավորություն կատարելիք այցի ընթացքում՝ 2025 թվականի մայիսին։ Ինչպես նշում է գործակալությունը, Ջո Բայդենի գլխավորությամբ ԱՄՆ նախորդ վարչակազմը երբեք չի կարողացել վերջնականապես կնքել Սաուդյան Արաբիայի հետ համաձայնագիրը, որը պետք է թագավորության և Իսրայելի միջև հարաբերությունները կարգավորելու գործարքի մաս դառնար։

Մասնավորապես, Թրամփի նախորդը Սաուդյան Արաբիային առաջարկել էր ավելի մեծ հասանելիություն ունենալ ամերիկյան առաջադեմ զենքի համակարգերին, փոխարենը թագավորությունը կհրաժարվեր Չինաստանից զենք գնելուց և կարգելեր Պեկինին հետագա ներդրումներ կատարել երկրում։ Միևնույն ժամանակ, Reuters-ը չկարողացավ պարզել, թե արդյոք ներկա վարչակազմի առաջարկը ներառում է նմանատիպ պահանջներ։

Աղբյուների տվյալներով՝ Lockheed Martin կորպորացիան կարող է Սաուդյան Արաբիային C-130 ռազմական տրանսպորտային ինքնաթիռներ մատակարարել, հայտնել են երկու աղբյուրներ։ Դրանցից մեկը նշել էր, որ կոնցեռնը պլանավորում է նաև հրթիռներ և ռադարներ վաճառել երկրին։ Չորս այլ աղբյուրներ նշել են, որ ռազմական մատակարարումների ոլորտում նշանակալի դեր է տրվել նաև ավիատիեզերական արտադրող RTX Corporation-ին (նախկինում՝ Raytheon Technologies): Բացի դրանից, Սաուդյան Արաբիայի հետ իրենց սեփական պայմանագրերը կարող են կնքել Boeing-ը, Northrop Grumman-ը և General Atomics-ը։