Հարավային Կորեան Միացյալ Նահանգներին խնդրել է իր մաքսային քաղաքականությունից բացառություն անել հարավկորեական ապրանքների համար։ Փոխարենը, հանրապետությունը համագործակցություն է առաջարկում էներգետիկայի և նավաշինության ոլորտներում։ Դրա մասին հայտնել է Հարավային Կորեայի ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը։
Ապրիլի 24-ին Վաշինգտոնում տեղի ունեցան Կորեայի Հանրապետության և Միացյալ Նահանգների միջև խորհրդակցություններ՝ ֆինանսների նախարար Չհվի Սան Մոկի, առևտրի նախարար Ան Դոկ Կինի, ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի և ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրի մասնակցությամբ։
«Առևտրի նախարար Ան Դոկ Կինն առաջարկել է երկկողմ մասնակցությամբ տարբեր նախագծեր, որոնք ուղղված են ամերիկյան նավաշինական արդյունաբերության վերականգնմանը, Կորեայի Հանրապետության էներգետիկ անվտանգության բարելավմանը, ինչպես նաև երկկողմ առևտրին։ Նա նաև խնդրել է Կորեայի Հանրապետությանն ազատել փոխադարձ մաքսատուրքերից և ոլորտային մաքսատուրքերից: Խորհրդակցությունները տեղի են ունեցել բարեկամական մթնոլորտում »,- ասված է հայտարարության մեջ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլին հայտարարեց, որ հարավկորեական ապրանքների վրա մաքսատուրքերը կկազմեն 25%, սակայն 90 օրվա ընթացքում դրանք նվազեցրեց մինչև 10%։ Բացի դրանից, ԱՄՆ վարչակազմը ապրիլի 3-ից ներմուծված բոլոր մեքենաների համար սահմանել է 25% մաքսատուրք։




























