Ցավալի է տեսնել «Բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման ծրագիրը» ձախողված և քննադատությունների կենտրոնում, թեպետ նման ավարտը կանխատեսելի էր` հաշվի առնելով, թե ինչ աղավաղումների այն ենթարկվեց ժամանակի ընթացքում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ամերիա» ՓԲԸ կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը:

«Դրանց արդյունքում ծրագիրը բնափոխվեց իր սկզբնական բովանդակությունից, ձևաչափից ու իմաստից և դադարեց ծառայել այն նպատակներին, որոնց ի սկզբանե միտված էր հասնելու:

Իսկ ինչպիսի՞ բովանդակություն ուներ ծրագիրը սկզբում, ի՞նչ արդյունքներ պետք է այդ բովանդակությունը ունենար, և արդյո՞ք ամեն բան անդառնալիորեն է կորսված:

2019 թվականին ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունն աշխատում էր «Արդյունաբերական ռազմավարություն 2030» նախագիծը ձևավորելու վրա (որը չիրագործվեց և մնաց որպես նախագիծ): Հայաստանի արտադրական ոլորտը կանգնած էր (և հիմա էլ կանգնած է) արդիականացման խորն անհրաժեշտության առջև։ Չնայած աշխատանքի արտադրողականության աճին, ոլորտը դեռևս զգալիորեն հետ էր մնում Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) և ԵՏՄ չափանիշներից (որն արդի է նաև այսօր), ինչը հայկական բիզնեսներին խոցելի էր դարձնում համաշխարհային շուկաներում։ Հիմնական խնդիրը հնացած տեխնոլոգիաներն էին, ուստի որդեգրվեց ռազմավարական ուղղվածություն առ այն, որ արտադրական արտադրողականության աճը պետք է պայմանավորված լինի օտարերկրյա բարձրակարգ արտադրողական տեխնոլոգիաների և սարքավորումների ներմուծման աճով։ Միայն ներմուծման խթանումը բավարար չէր, քանի որ արտադրության արդիականացման համար կարիք էր լինելու նաև տեղայնացնել և արդյունավետ կերպով օգտագործել նախատեսվող ներմուծված տեխնոլոգիաներն ու սարքավորումները, ինչի համար էլ հենց ռազմավարության շրջանակներում առաջադրվեց «Բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման ծրագիրը»։

Ծրագրի նպատակն էր Խթանել և շահագրգռել օտարերկրյա բարձր որակավորում ունեցող, խիստ մրցունակ կրթություն ստացած և հստակ տեխնոլոգիաների վերաբերյալ խորը գիտելիքների ունեցող մասնագետների ներհոսքը Հայաստան, ովքեր ոչ միայն պետք է հնարավոր դարձնեին ներմուծված տեխնոլոգիաների և սարքավորումների արդյունավետ օգտագործումը, այլ նաև իրենց փորձով կրթեին տեղի մասնագետներին` հանգեցնելով արտադրության արդիականացմանը և դրա արտադրողականության աճին:

Ծրագիրը թեպետ սկսվեց կիրառվել (ռազմավարությունից անջատ), սակայն Ռուսաստանից ռելոկանտների ներհոսքի ժամանակ այն ձևափոխումների ենթարկվեց և աղավաղվեց, որպեսզի ծրագիրը հանդիսանա գործիք վերջիններիս ՀՀ-ում պահելու համար: Շահառու հանդիսանալու համար անհրաժեշտ որակավորման և կրթության հետ կապված չափանիշները մեղմվեցին, իսկ մասնագետների գիտելիքների կապը ՀՀ-ում առաջնային կարևորություն ունեցող արտադրական ոլորտների տեխնոլոգիաների հետ դուրս եկավ, ինչի արդյունքում շահառուների մեծ մասը դարձան ՏՏ ոլորտի ռելոկանտներ: Արդյունքում, ծրագրի ռեսուրսներն ուղղվեցին ի սկզբանե նախատեսված չափանիշներին չհամապատասխանող մասնագետների ներգրավմանը, այլև հիմնականում ՏՏ ոլորտին` արտադրական ոլորտի փոխարեն, ինչի արդյունքում վերջինիս զարգացումը կրկին մղվեց ետին պլան, և չստացվեցին այն արդյունքները, որոնք պետք է ապահովվեին ծրագրի թիրախային կիրառության արդյունքում: Ավելին, այդկերպ ներգրավված մասնագետների մեծ մասը հետագայում լքեցին Հայաստանը, ուստի ծրագրի ազդեցությունն անգամ ՏՏ ոլորտի վրա եղավ փոքր:

Սակայն արդյո՞ք ծրագրի դադարեցումը կհանդիսանա ամենաօպտիմալ լուծումը ստեղծված իրավիճակում: Ոչ, քանի որ ՀՀ արտադրական ոլորտը մնում է չիրացված զարգացման ներուժուվ և զարգացած երկրների համեմատ անմրցունակ, ուստի խոհեմ է վերադարձնել ծրագիրն իր ակունքներին և գործարկել ընդհանուր ռազմավարության հետ միասին, քան դադարեցնել առհասարակ»,- գրել է Ջրբաշյանը: