Մայիսի 7-ից Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիներին թույլատրվելու է այցելել Լիբանան։ Սա հնարավոր է դարձել անցյալ շաբաթ Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի՝ ԱՄԷ կատարած այցից և արգելքը չեղարկելուց  հետո, հայտնում է Emirates News Agency (WAM) լրատվական գործակալությունը։

ԱՄԷ նախագահ շեյխ Մուհամմեդ բեն Զայեդը հանդիպել է Աունի հետ Աբու Դաբիում անցյալ շաբաթ՝  երկու երկրների միջև սերտ կապերը և դրանց ամրապնդման ուղիները քննարկելոու համար։։

Հանդիպման արդյունքներով հրապարակված համատեղ հայտարարության համաձայն, կողմերը «համաձայնվել են թույլատրել քաղաքացիների ուղևորությունները՝ երկու երկրների միջև տեղաշարժը դյուրացնելու համար անհրաժեշտ ընթացակարգերի և մեխանիզմների ներդրման միջոցով»։

WAM-ը՝ հղում անելով ԱՄԷ ԱԳՆ-ին, հայտնում է, որ քաղաքացիները պետք է գրանցվեն կառավարական Twajudi հավելվածի միջոցով նախքան Բեյրութ այցելելը՝ անկախ նրանից, թե նրանք ուղևորվում են անմիջապես ԱՄԷ օդանավակայանների միջոցով, թե աշխարհի ցանկացած այլ երկրից։

Twajudi-ն ԱՄԷ արտաքին գործերի նախարարության կողմից տրամադրվող ծառայություն է, որը դյուրացնում է արտերկրում ԱՄԷ քաղաքացիների հետ հաղորդակցությունը, նրանց օգնություն է ցուցաբերում և համակարգում է նրանց հայրենադարձությունը արտակարգ իրավիճակի կամ ճգնաժամի դեպքում։ «Ճանապարհորդել ցանկացող քաղաքացիներին արգելվում է լքել երկրի նավահանգիստները մինչև գրանցման ավարտը՝ ուղևորությունների դադարեցումից և իրավական պատասխանատվությունից խուսափելու համար», - ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։

Բեյրութում ԱՄԷ դեսպանությունը պաշտոնապես վերսկսել է դիվանագիտական գործունեությունն այս տարվա սկզբին՝ ավելի քան երեք տարվա ընդմիջումից հետո։ Լիբանանի Արտաքին գործերի նախարարությունը ողջունել է ԱՄԷ-ի որոշումը՝ հայտարարելով, որ հույս ունի ամրապնդել և զարգացնել  կապերը բոլոր արաբական երկրների հետ։