Ֆրանսիան և ԵՄ-ն մտադիր են ակտիվացնել իրենց ջանքերը՝ ներգրավելու ամերիկացի գիտնականներին, որոնք տուժել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ակադեմիական շրջանակների նկատմամբ սահմանված սահմանափակումներից, քանի որ նրանք հայտարարություններ՝ են պատրաստում Եվրոպայում հաստատվել ցանկացող հետազոտողների համար խթանների մասին, գրում է The Guardian-ը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ միասին երկուշաբթի առավոտյան ելույթներ կունենան Փարիզի Սորբոնի համալսարանում՝ եվրոպական համալսարանների ղեկավարների և հետազոտողների շրջապատում, որտեղ, ինչպես սպասվում է, նրանք կհայտարարեն Եվրոպա տեղափոխվել ցանկացող հետազոտողների համար հնարավոր խթանների և պաշտպանության միջոցների մասին։
Միջոցառումը, որին կմասնակցեն եվրոպացի գիտնականներ և եվրահանձնակատարներ, վերջին քայլն է Եվրոպայի դռները բացելու ամերիկացի գիտնականների և հետազոտողների առջև, որոնք մտավախություն ունեն, որ իրենց աշխատանքին սպառնում է համալսարանների և հետազոտական կազմակերպությունների համար դաշնային ծախսերի կրճատումը, ինչպես նաև ԱՄՆ բարձրագույն ուսումնական հաստատությունների հետապնդումը բազմազանության քաղաքականության համար։
Մակրոնի գրասենյակից հայտարարել են, որ այս քայլը ձեռնարկվել է «այն ժամանակ, երբ ակադեմիական ազատությունները բախվում են մի շարք... սպառնալիքների» և երբ Եվրոպան «գրավիչ մայրցամաք է»։
Պաշտոնյայի վկայությամբ, միջոցառման նպատակն է «հաստատել Ֆրանսիան և Եվրոպան որպես կայուն տարածքներ, որոնք կարող են երաշխավորել ազատությունը և ակադեմիական հետազոտությունները»։
Համարվում է, որ Ֆրանսիան հատկապես շահագրգռված է ներգրավելու առողջապահության ոլորտում աշխատող գիտնականների, հատկապես վարակիչ հիվանդությունների ոլորտում, ինչպես նաև կլիմայի և արհեստական բանականության հետազոտություններում։
«Ընտրիր Եվրոպան գիտության համար» անվանումով միջոցառումը կազմակերպվել է երկուշաբթի օրը այն բանից հետո, երբ 13 եվրոպական երկրներ, ներառյալ Ֆրանսիան, Գերմանիան և Իսպանիան, նամակով դիմել են Եվրոպական հանձնաժողովին՝ կոչ անելով արագացնել ակադեմիական տաղանդների ներգրավումը։





























