Նյու Յորքի դատարանը որոշել է ազատ արձակել «Միսս Ռուսաստան-98» մրցույթի հաղթող Աննա Մալովային, միաժամանակ որոշել է նրան ուղարկել վերականգնողական դիսպանսեր: Մալովային մեղադրում են ցավազրկող եւ այլ տեսակի դեղեր ստանալու նպատակով դեղատոմսեր կեղծելու, ինչպես նաեւ հագուստի խանութներից գողություն կատարելու մեջ, հաղորդում է Vesti.ru-ն:
Նրա նկատմամբ քրեական գործը հարուցվել է 2011 թվականի գարնանը: Մալովան որոշ ժամանակ անցկացրել է բանտում, սակայն հետագայում նրա փաստաբանների խնդրանքով, դատարանը բանտարկությունը փոխարինել է թմրամիջոցներից կախվածությունից բուժման պարտադիր կուրսով:
Սակայն 2011 թվականի դեկտեմբերին, ռուս գեղեցկուհին կրկին հայտնվել է ճաղերի հետեւում, երբ նրան հեռացրել են Նյու Յորքի Բրոնքսի շրջանի վերականգնողական կլինիկայից: Բժշկական հաստատության վարչակազմի ներկայացմամբ, նա հարվածել է մեկ այլ հիվանդի, ով համարձակվել էր մի քանի էջ կարդալ իր օրագրից:
Հիմա եթե Մալովան հաջողությամբ անցնի բուժման 18-ամսյա վերականգնողական կուրսը, նրա նկատմամբ քրեական գործը կարող է դադարեցվել: Դատավորի խոսքով, սա Մալովայի համար վերջին շանսը կարող է լինել:
Մալովան, ով Ռուսաստանում սովորել է բժշկական համալսարանում, ԱՄՆ-ում է բնակվում 1990-ականների վերջից եւ ունի այդ երկում մշտապես բնակվելու իրավունք: 1998-ին Մալովան ոչ միայն հռչակվել է Ռուսաստանի ամենագեղեցիկ աղջիկ, այլեւ նաեւ դուրս է եկել «Միսս Տիեզերք» մրցույթի կիսաեզրափակիչ:




























