Աֆղանստանում «Թալիբան» շարժման գլխավորած կառավարությունն արգելել է շախմատը մինչև հետագա ծանուցումը՝ այն մտավախությունների պատճառով, որ այդ խաղը մոլախաղերի աղբյուր է, հայտնում է AFP-ն։

Պաշտոնյաները հայտարարել են, որ խաղն արգելված է անորոշ ժամանակով, քանի դեռ չի հաստատվել դրա համապատասխանությունն իսլամական օրենսդրությանը։

Կիրակի օրը «Թալիբան» շարժման կառավարության սպորտի վարչության ներկայացուցիչ Աթալ Մաշվանին հայտարարել է, որ շախմատն իսլամական շարիաթի օրենքներով «համարվում է մոլախաղ»։

«Շախմատի վերաբերյալ կրոնական նկատառումներ կան,- ասել է նա AFP գործակալությանը։ - Քանի դեռ այդ նկատառումները հաշվի չեն առնվել, Աֆղանստանում շախմատ մարզաձևը կասեցված է»։

Շախմատը վերջին մարզաձևն է, որի վրա թալիբները սահմանափակումներ են դրել։ Մինչ այդ երկրում արգելել էին մարտարվեստները։ Կանանց, ըստ էության, ընդհանրապես արգելված է սպորտով զբաղվել։