Պակիստանի ԶՈւ-ն հայտնել է, որ վերահսկողության գծի երկայնքով մարտերի ընթացքում զոհվել են 40 խաղաղ բնակիչ եւ 11 զինվոր: Եվս 121 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնել է Geo հեռուստաալիքը՝ հղում կատարելով Պակիստանի բանակի միջգերատեսչական վարչության հասարակայնության հետ կապերի (ISPR) ծառայությանը։

Մայիսի 10-ին կողմերը պայմանավորվել են հրադադարի մասին, սակայն մի քանի ժամ անց անօդաչու թռչող սարքեր են նկատվել Ջամուի ու Քաշմիրի մի շարք քաղաքներում, ինչպես նաեւ Փենջաբում, ակտիվացվել են հակաօդային պաշտպանության համակարգերը։ Մայիսի 12-ին Hindustan Times թերթը, հղում կատարելով աղբյուրներին, հայտնել է, որ Հնդկաստանը Պակիստանի հետ բանակցելու է միայն ռազմական մակարդակով. քաղաքական շփումներ չեն լինի։