ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմամիլիարդանոց գործարքներ է կնքել Պարսից ծոցի երկրների հետ, բանակցություններ վարել Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի հետ եւ քայլեր ձեռնարկել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամը լուծելու համար Մերձավոր Արեւելք կատարած շրջագայության ընթացքում, սակայն շրջանցել է Իսրայելին: Այս մասին հայտնել է Financial Times-ը (FT), որը պնդում է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս դեպքում «դիտորդի դերի է իջեցվել»։

«Հաստատ, այնպես չէ, որ Նեթանյահուն այժմ օգտվում է Թրամփի բարյացակամությունից»,- նշել է Միացյալ Նահանգներում Իսրայելի նախկին դեսպան (2009-2013) Միխայել Օրենը: ԱՄՆ առաջնորդի շրջագայությունը, որն անցկացվում է մայիսի 13-16-ին, հիմնականում նվիրված է տարածաշրջանում ամերիկյան, այդ թվում՝ տնտեսական շահերին: Իսրայելը չունի տրիլիոն դոլար ԱՄՆ-ում ներդրումներ կատարելու համար, իսկ Սաուդյան Արաբիան եւ Կատարը կարող են դա իրենց թույլ տալ, ասել է նա։

Պարսից ծոցի երկրների առաջնորդները, աջակցելով Իրանի հետ բանակցելու եւ Սիրիայի հետ լարվածությունը թուլացնելու Թրամփի որոշումներին, կարող են, Օրենի խոսքով, «ամրապնդել Թրամփի տեսլականը որպես խաղաղարարի, պատերազմները դադարեցնող մարդու, ինչը կօգնի նրան առաջ մղել Աբրահամի համաձայնագրերը»: