Հազարավոր մարդիկ են դուրս եկել Իսպանիայում հայտնի Կանարյան կղզիների փողոցներ՝ չափից դուրս զբոսաշրջության դեմ այս տարվա երրորդ բողոքի ալիքի ժամանակ, հայտնում է The Sun-ը։
Տեղի բնակիչներն ասում են, որ իրենց տները վերածվել են «զբոսաշրջիկների համար խաղահրապարակների»։
Ցույցերն այսօր տեղի են ունեցել իսպանական արշիպելագի կղզիներում, ներառյալ Տեներիֆեն, Լանսարոտեն, Գրան Կանարիան և Ֆուերտևենտուրան։
Իսպանական անվտանգության ուժերի գնահատմամբ, միայն Սանտա Կրուսում՝ Տեներիֆեի մայրաքաղաքում, շուրջ 7000 մարդ է դուրս եկել փողոցներ։ Գրան Կանարիայում, գնահատականներով, փողոցներ է դուրս եկել շուրջ 3000 մարդ։
Կազմակերպիչները՝ «Կանարյան կղզիներն ունեն սահման» անվանումով խումբը, ասում են, որ մասնակցությունը «շատ բարձր» է եղել։
Ակցիայի մասնակիցները պնդում են, որ չնայած նախորդ բողոքի ակցիաներին, կառավարությունը որևէ փոփոխություն չի կատարել։
Երթն անցել է «Կանարյան կղզիները չեն վաճառվում, դրանք սիրում և պաշտպանում են» կարգախոսի ներքո։
Այլ պաստառների վրա գրված էր. «Կանարյան կղզիներն ունեն սահման, և մեր համբերությունն էլ» և «Հերի՛ք է»։




























