Խորհրդային և ռուսաստանյան խորեոգրաֆ, բալետմայստեր, բալետի արտիստ Յուրի Գրիգորովիչը մահացել է կյանքի 99-րդ տարում, հայտնել է Բախրուշինի թանգարանը։

Յուրի Գրիգորովիչը ծնվել է 1927 թվականի հունվարի 2-ին Լենինգրադում։ Նա ավարտել է պարարվեստի ուսումնարանը, տասը տարի եղել է Կիրովի անվան Լենինգրադի օպերայի և բալետի թատրոնի մենակատար, իսկ այնուհետև՝ 1961-1964 թվականներին՝ այդ թատրոնի բալետմայստեր։

Նա 1964-1995 թվականներին եղել է Մեծ թատրոնի գլխավոր բալետմայստերը, 2008 թվականից՝ Մեծ թատրոնի հաստիքային խորեոգրաֆը։

Գրիգորովիչը Սոցիալիստական աշխատանքի հերոս է (1986), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1973), Լենինյան մրցանակի (1970), ԽՍՀՄ երկու պետական մրցանակների (1977, 1985), Ռուսաստանի պետական մրցանակի (2017) և Ռուսաստանի կառավարության երկու մրցանակների դափնեկիր։ Նա նաև Սուրբ Անդրեաս Առաքյալի (2017), «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» I, II, III աստիճանների և Լենինի երկու (1976, 1986) շքանշանների ասպետ է։

Նա նկարիչ Սիմոն Վիրսալաձեի հետ համագործակցությամբ ստեղծված ութ օրիգինալ բալետների, ինչպես նաև Մեծ թատրոնի խաղացանկի հիմքը կազմող գրեթե բոլոր դասական բալետների խմբագրումների հեղինակն էր։ Լինելով Մեծ թատրոնի գլխավոր բալետմայստեր (1964-1995 թթ.)՝ բեմադրել է Չայկովսկու «Մարդուկ-Ջարդուկը» (1966), Խաչատրյանի «Սպարտակը» (1968), Պրոկոֆևի երաժշտությամբ «Իվան Ահեղը» (1975), Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետը» (1979), Շոստակովիչի «Ոսկե դարը» բալետները։