Թութանհամոնը, թերևս, Հին Եգիպտոսի ամենահայտնի փարավոնն է։ Սակայն, զարմանալիորեն, քիչ բան է հայտնի երիտասրադ արքայի մասին, այդ թվում՝ թե ինչպես է նա մահացել ընդամենը 18 տարեկան հասակում։ Նրա մահվան պատճառը այդպես էլ առեղծված է մնացել ավելի քան 3000 տարի, գրում է Express-ը։
Սակայն նոր գենետիկական հետազոտությունները լույս են սփռել այն բանի վրա, թե ինչը կարող էր հանգեցրել նրա գահակալության վաղաժամ ավարտին։ Եգիպտոսի ազգային հետազոտական կենտրոնի և Կահիրեի համալսարանի գիտնականները, երկու գերմանացի ԴՆԹ գծով փորձագետների հետ համատեղ, մի քանի թագավորական մումիաների հյուսվածքների նմուշներ են ուսումնասիրել։
Այդ մումիաներից մեկը հենց Թութանհամոնն էր, որը գահ էր բարձրացել ինը տարեկանում։ Նոր հետազոտությունների լույսի ներքո, ենթադրվում է, որ մ.թ.ա. 1332-1323 թվականներին կառավարած պատանի թագավորը... 18-րդ դինաստիայի վերջում սպանվել է մալարիայի և թագավորների միջև արյունապղծությանն առնչվող առողջական խնդիրների համադրությամբ։
Հետազոտությունները ցույց տվեցին, որ նա տառապում էր ձախ ոտքի նեկրոզով (νεκρός- կենդանի օրգանիզմում բջիջների և հյուսվածքների մահ, որով լրիվ դադարում է տվյալ բջջի կամ հյուսվածքի կենսագործունեությունը)։ Դա նշանակում էր, որ նա, հավանաբար, ստիպված էր ապավինել ձեռնափայտին, որոնցից մի քանիսը հայտնաբերվել են նրա գերեզմանում։
ԴՆԹ թեստը ցույց է տվել նաև, որ նրա տատիկն ու պապիկը կապված էին փարավոն Ամենհոտեպ III-ի և թագուհի Թիյեի հետ։ Սակայն նրա ծնողների ինքնությունը մնում է առեղծված։ Ենթադրում են, որ նրա հայրը կարող էր լինել Էխնաթոնը՝ «հերետիկոս թագավորը», իսկ մայրը՝ Էխնաթոնի քույրը։ Ենթադրվում է, որ KV55 դամբարանում հայտնաբերված մումիան պատկանել է Էխնաթոնին։
Այն ժամանակներում եգիպտական թագավորական ընտանիքի անդամների շրջանում արյունապղծությունը արտառոց երևույթ չէր համարվում։ Դա արվում էր թագավորական արյան տոհմի մաքրությունը պահպանելու և գահը օտարերկրացիներին ժառանգելուց խուսափելու համար։ Սակայն փորձագետների կարծիքով դա նույնպես դեր է խաղացել պատանի փարավոնի վատառողջ լինելու հարցում։
Ենթադրվում է, որ Թութանհամոնի կինը՝ Անհեսենամոնը, նրա խորթ քույրը կամ զարմուհին է եղել։ Ենթադրվում է, որ Թութանհամոնի դամբարանում հայտնաբերված երկու նորածին մումիաները Անհեսենամոնի դուստրերն են եղել։





























