Brent նավթի համաշխարհային գինը հասել է գրեթե կես տարվա առավելագույնին՝ Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման և հումքի մատակարարումների խափանումների մտավախությունների ֆոնին։

Ուրբաթ՝ հոկտեմբերի 23-ի աճուրդների ընթացքում, մեկ բարելի գինը գերազանցել է 117 դոլարը, իսկ սեսիայի արդյունքներով կազմել է 116,72 դոլար՝ աճելով 3,55 դոլարով կամ 3,14 տոկոսով։ Սա ամենաբարձր փակման գինն է ապրիլի վերջից ի վեր, հայտնել է Reuters-ը։

Շաբաթվա ընթացքում Brent-ը թանկացել է 6 տոկոսով։ Ամերիկյան WTI նավթը նույնպես թանկացել է․ ուրբաթ օրվա արդյունքներով դրա գինը հասել է 103,27 դոլարի մեկ բարելի համար՝ օրվա ընթացքում ավելանալով 3,8 տոկոսով։

Գնանշումների աճը կապված է տարածաշրջանից նավթի մատակարարումների կայունության վերաբերյալ մտավախությունների հետ։ Շուկան արձագանքել է Եմենի հութիների հարձակումներին Սաուդյան Արաբիայի օբյեկտների, այդ թվում՝ էներգետիկ ենթակառուցվածքների վրա, ինչպես նաև ԱՄԷ իշխանությունների հաղորդմանը՝ ափերի մոտ նավթի արտահոսքի մասին։ Լրացուցիչ անհանգստություն են առաջացնում առևտրային նավերի հետ կապված միջադեպերը և Մերձավոր Արևելքի առանցքային երթուղիներում նավարկության ռիսկերը։