Եվրոպական հանձնաժողովը պարզաբանումներ է պահանջել Միացյալ Նահանգներից՝ ուրբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ հունիսի 1-ից ԵՄ ապրանքների վրա 50 տոկոս մաքսատուրք սահմանելու առաջարկից հետո, ընդ որում, որոշ եվրոպացի պաշտոնյաներ այդ սպառնալիքը համարում են բանակցային հնարք, հաղորդում է Reuters-ը։

Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է, որ մեկնաբանություն չի անի մինչև Եվրոպական առևտրի հանձնակատար Մարոշ Շեֆչովիչի և ԱՄՆ առևտրի ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրի միջև ժամը 15:00-ի (Գրինվիչի ժամանակով) հեռախոսազրույցը։

Հիմնական ֆոնդային ինդեքսներն անկում ապրեցին, դոլարը թուլացավ հիմնական արժույթների նկատմամբ, իսկ եվրոն նվազեցրեց աճը, այն բանից հետո, երբ Թրամփը հայտարարեց ԵՄ մաքսատուրքերի և ԱՄՆ-ից դուրս արտադրված Apple iPhone-ների վրա 25 տոկոս հնարավոր մաքսատուրքի մասին։

«Թրամփի դեպքում երբեք հաստատ չգիտես, բայց սա կարող է հանգեցնել լուրջ լարվածության,- ասել է գերմանական Berenberg բանկի գլխավոր տնտեսագետ Հոլգեր Շմիդգը,- ԵՄ-ն ստիպված կլինի արձագանքել, և սա իսկապես կվնասի ԱՄՆ-ի և Եվրոպայի տնտեսություններին»։

Մաքսային սպառնալիքը հնչում է այն ժամանակ, երբ բանակցությունները փակուղի են մտել, քանի որ Վաշինգտոնն ամերիկյան բիզնեսների համար մուտքը բացելու համար Բրյուսելից պահանջում է միակողմանի զիջումներ, մինչդեռ, ըստ բանակցություններին ծանոթ աղբյուրների, ԵՄ-ն ձգտում է փոխշահավետ գործարքի։

Ոմանք սպառնալիքը համարեցին բանակցային մարտավարություն, որը հայտարարվել էր Շեֆչովիչի և Գրիրի միջև հեռախոսազրույցից ընդամենը մի քանի ժամ առաջ։ Այս կարծիքին էր Լեհաստանի էկոնոմիկայի փոխնախարար Միխալ Բարանովսկին, որի երկիրը ներկայում նախագահում է ԵՄ-ում։

«Եվրամիությունը և Միացյալ Նահանգները բանակցություններ են վարում,- բրյուսելյան հանդիպման շրջանակում լրագրողներին ասել է Բարանովսկին՝ հավելելով, որ բանակցությունները կարող են տևել մինչև հուլիսի սկիզբը,- փաստը, որ մենք հանրային տիրույթում տեսնում ենք որոշ կարևոր հայտարարություններ, չի նշանակում, որ դրանք կհանգեցնեն ԱՄՆ վարչակազմի գործողություններին»։

Նիդեռլանդների վարչապետ Դիկ Շուֆն իր հերթին հայտարարել է, որ ԵՄ-ն կհետևի ընտրած ուղուն։

«Մենք տեսել ենք, որ մաքսատուրքերը կարող են բարձրանալ և իջնել ԱՄՆ-ի հետ բանակցություններում»,- Հաագայում ասել է նա լրագրողներին։

ԵՄ-ն արդեն բախվում է ԱՄՆ-ի կողմից պողպատի, ալյումինի և ավտոմեքենաների ներմուծման 25% մաքսատուրքերին, ինչպես նաև գրեթե ամեն ինչի համար այսպես կոչված 10% «պատասխան» մաքսատուրքերին, որոնք նախատեսվում էր բարձրացնել մինչև 20% Թրամփի 90-օրյա դադարը լրանալուց հետո՝ հուլիսի 8-ին։

Ֆրանսիայի առևտրի նախարար Լորան Սեն-Մարտենը հայտարարել է, որ Թրամփի նոր սպառնալիքները ոչինչ չեն արել բանակցություններին օգնելու համար։

«Մենք հավատարիմ ենք մնում լարվածության թուլացման նույն գծին, բայց պատրաստ ենք արձագանքելու»,- գրել է նա X սոցիալական ցանցում։

Իր հերթին, Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին իտալական ANSA լրատվական գործակալությանը հայտնել է, որ նպատակը նույնն է՝ «մաքսատուրքեր՝ զրո զրոյի դիմաց»։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը Truth Social սոցիալական ցանցում հայտարարել էր, որ խորհուրդ է տալիս 2025 թվականի հունիսի 1-ից սկսած Եվրամիության ապրանքների վրա սահմանել 50% ուղղակի մաքսատուրք։