Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունը նախատեսում է Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիներին արգելել երկրում անշարժ գույք ձեռք բերելը, ասված է գերատեսչության հայտարարության մեջ։
Ըստ հաղորդագրության՝ 2025 թվականի ապրիլի 11-ին Ֆինլանդիայի խորհրդարանն ընդունել է օրենք, որը Պաշտպանության նախարարությանը թույլ է տալիս կանխել այն ֆիզիկական կամ իրավաբանական անձանց անշարժ գույքի գործարքները, որոնց քաղաքացիության երկիրը ագրեսիվ պատերազմ է մղում և կարող է սպառնալիք համարվել Ֆինլանդիայի ազգային անվտանգության համար։
Ըստ Եվրոպական Միության Խորհրդի որոշումների և իշխանությունների հավաքած տեղեկությունների՝ Ռուսաստանը և Բելառուսը այն պետությունների շարքում են, որոնք համապատասխանում են այդ չափանիշներին։ Օրենքը կիրառող որոշման նախագիծը կշրջանառվի մեկնաբանությունների համար 2025 թվականի մայիսի 23-ից մինչև 2025 թվականի հունիսի 9-ը։
Ինչպես նշել է Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունը, Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիների կողմից հրամանագրի ուժի մեջ մտնելու օրվանից առաջ ներկայացված թույլտվությունների դիմումները կքննարկվեն ստանդարտ ընթացակարգին համապատասխան։
«Հրամանագրի ուժի մեջ մտնելուց հետո, լիակատար արգելքի ենթակա ֆիզիկական և իրավաբանական անձինք այլևս չեն կարողանա անշարժ գույք ձեռք բերել Ֆինլանդիայում: Հրամանագիրը նախատեսվում է ուժի մեջ մտնել հունիսին՝ որոշակի անշարժ գույքի օբյեկտների ձեռքբերման թույլտվությունների պահանջներին վերաբերող օրենքում կատարված փոփոխությունների հետ միասին», -նշված է գերատեսչության հայտարարության մեջ:




























