Ռուսաստանի Պետդումայի փոխխոսնակ Վլադիսլավ Դավանկովի գլխավորած «Новые люди» խմբակցության պատգամավորները դիմում են հղել երկրի արդարադատության նախարար Կոնստանտին Չույչենկոյին՝ առաջարկելով ներդնել «Ամուսնություն առանց անակնկալների» տեղեկատվական համակարգ, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով փաստաթղթին։

Ակնկալվում է, որ համակարգը քաղաքացիներին թույլ կտա ամուսնանալուց առաջ տեղեկություններ պահանջել պոտենցիալ ամուսնու քրեական անցյալի և պարտքերի մասին։

Խորհրդարանականները մեջբերել են Ռուսաստանի Ներքին գործերի նախարարության տվյալները, ըստ որոնց՝ 2024 թվականին գրանցվել է ամուսնական խաբեության հետ կապված խարդախությունների ավելի քան 10 հազար դեպք։

«Ներկայում Ռուսաստանում քաղաքացիների համար ոչ մի միջոց չկա ապագա ամուսնու քրեական անցյալի կամ ֆինանսական պարտավորությունների մասին հուսալի տեղեկություն ստանալու համար: Սա ստեղծում է պայմաններ չարաշահումների համար, քաղաքացիներին ենթարկում խարդախության, ֆիզիկական և հոգեբանական բռնության զոհ դառնալու ռիսկի... Մենք առաջարկում ենք քննարկել «Ամուսնություն առանց անակնկալների» տեղեկատվական համակարգի ներդրման հնարավորությունը, որը քաղաքացիներին թույլ կտա կամավոր կերպով տեղեկատվություն պահանջել ապագա ամուսնու քրեական անցյալի և պարտքերի մասին՝ նախքան ամուսնությունը կնքելը»,- ասվում է նամակում:

«Новые люди»-ում կարծում են, որ օգտատերերի հարմարության համար համապատասխան գործառույթը կարող է ինտեգրվել Госуслуги-ում։