Իլոն Մասկը կշարունակի մնալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականը՝ Կառավարության արդյունավետության գրասենյակի (DOGE) վարիչի պաշտոնը թողնելուց հետո, և նրա սկսած աշխատանքը կշարունակվի։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը։
«Մամուլի այն ջանքերը, որոնք ասում են, որ «Իլոնի դարաշրջանը [իշխանության] մեջ ավարտվել է», բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։ Ակնհայտ է, որ նա աշխատանք ունի, պետք է վերադառնա դրան՝ իր ընկերությունները ղեկավարելու համար, բայց DOGE-ի ջանքերը կշարունակվեն, Իլոնը կշարունակի լինել կարևոր խորհրդատու՝ ինձ և նախագահի համար», - ասել է քաղաքական գործիչը՝ Newsmax հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Վենսը նաև Մասկի կատարած աշխատանքն անվանել է «անհավանական», քանի որ, ըստ նրա, ձեռնարկատերը կարողացել է կարճ ժամանակահատվածում բացահայտել ավելի քան 170 միլիարդ դոլարի ավելորդ ծախսեր։ «Կառավարությունն ավելի արդյունավետ դարձնելու, պետական միջոցների ավելորդ ծախսերը կանխելու աշխատանքները պետք է շարունակվեն», - հավելել է փոխնախագահը։
Ավելի վաղ, CBS News հեռուստաալիքի աղբյուրը հայտնել էր, որ Մասկը հեռանում է վարչակազմից «լավ նոտայով» և մնում է նախագահ Թրամփի ընկերը։
Նախորդ օրը Թրամփը հայտարարել էր, որ պաշտոնից հեռանալու կապակցությամբ համատեղ մամուլի ասուլիս կանցկացնի Մասկի հետ։




























