Հնագետները Գվատեմալայի հյուսիսում հայտնաբերել են գրեթե 3000 տարեկան մայաների քաղաքի ավերակներ՝ բուրգերով և հուշարձաններով, որոնք ենթադրում են, որ այն կարևոր արարողակարգային կենտրոն է եղել, գրում է The Guardian-ը։
Մայաների քաղաքակրթությունը ծագել է մ.թ.ա. մոտ 2000 թվականին և իր գագաթնակետին է հասել մ.թ.ա. 400-ից 900 թվականների միջև ընկած ժամանակահատվածում, այժմյան հարավային Մեքսիկայի և Գվատեմալայի տարածքում, ինչպես նաև Բելիզի, Սալվադորի և Հոնդուրասի որոշ մասերում։
Լոս Աբուելոս քաղաքը, որը իսպաներենից թարգմանաբար նշանակում է «տատիկներ և պապիկներ», Գվատեմալայի Պետեն դեպարտամենտի հյուսիսային մասի Ուախակտուն կարևոր հնագիտական վայրից ընկած է 21 կմ հեռավորության վրա։ Հայտնագործության մասին հայտնել են երկրի մշակույթի նախարարությունից։
Հայտնաբերված ավերակները թվագրվում են մոտավորապես մ.թ.ա. 800-500 թվականներին։ Հնագետները ենթադրում են, որ Մեքսիկայի սահմանին հարող Պետեն ջունգլիներում տեղակայված այս վայրը մայաների քաղաքակրթության «հինավուրց և ամենակարևոր ծիսական կենտրոններից մեկն է եղել»։
Քաղաքն իր անունը ստացել է այդ վայրում հայտնաբերված «տոհմական զույգի» երկու մարդանման քանդակներից։
Նախարարությունում հայտարարել են, որ մ.թ.ա. 500-300 թվականներին թվագրվող քանդակներըն, ըստ ամենայնի, «կապված են նախնիների պաշտամունքի հին ծիսական սովորույթների հետ»։
Քաղաքը, որի մակերեսը կազմում է մոտ 16 քառ. կմ, հայտնաբերվել է գվատեմալացի և սլովակ հնագետների Ուախակտուն պուրակի նախկինում քիչ ուսումնասիրված տարածքներում։ Նրանք միաժամանակ 33 մետր բարձրությամբ որմնաքանդակներով բուրգ և «ջրանցքների բացառիկ համակարգ» են հայտնաբերել։




























