ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի ցանկանում ճնշում գործադրել Մոսկվայի վրա՝ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար, քանի որ նա ամենից շատ հետաքրքրված է Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնմամբ։ Այս մասին հայտնել է Politico թերթը՝ հղում անելով անանուն եվրոպացի պաշտոնյայի։

«Ակնհայտ է, որ ինչ-որ բան նրան (Թրամփին) խանգարում է ավելի մեծ ազդեցություն ունենալ [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր] Պուտինի վրա։ Հնարավոր է՝ նա ամենաշատն ուզում է վերականգնել Ռուսաստանի հետ հարաբերությունները, ավելի շատ, քան խաղաղությունը։ Եթե նրան անհրաժեշտ է դադարեցնել պատերազմը՝ գործարքներ կնքելու համար, ապա նա, հավանաբար, հաշվարկում է նրանց միջև հարաբերությունները հնարավոր թունավորելու արժեքը», - ասել է աղբյուրը։

Թերթը կարծում է, որ ԱՄՆ նախագահը մինչ այժմ ձեռնպահ է մնում Սենատում պատրաստված հակառուսական երկրորդային պատժամիջոցների մասին օրինագծին աջակցելուց՝ այն մտավախությունների պատճառով, որ դա կվերջ դնի Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելու ցանկացած փորձի։

Մայիսի 19-ին Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև տեղի ունեցավ տարեսկզբից ի վեր երրորդ հեռախոսազրույցը։ Նրանք քննարկեցին երկկողմ հարաբերությունները և ուկրաինական կարգավորումը, մասնավորապես՝ Մոսկվայի և Կիևի հուշագրերի գաղափարը, որոնք կներկայացնեին նրանց տեսակետները հրադադարի պայմանների վերաբերյալ։ Մինչ այդ, Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների նախագահները հեռախոսազրույցներ էին ունեցել փետրվարի 12-ին և մարտի 18-ին։ Այս զրույցներում անդրադարձ է եղել նաև Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև Ուկրաինայում կարգավորման տարբեր ասպեկտներին։