Ուկրաինայի կողմից պատրաստված խաղաղ կարգավորման վերաբերյալ հուշագրի կետերից մեկը ցամաքում, ծովում և օդում հրադադարն է, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյայի։
Միջազգային գործընկերները պատասխանատու կլինեն հրադադարի պահպանման մոնիթորինգի համար։
Ընդհանուր առմամբ, հուշագիրը, ինչպես նախկինում հայտնել էր ԱՄՆ նախագահի Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը, պարունակում է 22 կետ։ Նա ուկրաինական պայմանները անվանել է «բավականին լավը»։
Փաստաթղթի բովանդակության մասին, որը Կիևն արդեն ներկայացրել է և՛ Մոսկվային, և՛ իր գործընկերներին, այլ բան հայտնի չէ։
Ռուսաստանը դեռևս չի տրամադրել հուշագրի իր տարբերակը։ Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը միայն ասել է, որ փաստաթուղթը հրապարակային չի լինի։



























